
Հայաստանը պետք է հրաժարվի Բաքվի հետ բանակցելուց՝ մինչև բոլոր գերիներին չվերադարձնեն․ Վարդան Օսկանյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է․ ֆեյսբուքյան եթերում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Սա օրինական պահանջ է, սա նվազագույնն է, որ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը կարող են անել։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այլ տեղ մի՛ փնտրեք, ես մի կողմ եմ դնում իմ զգացումները, քաղաքականությունը, վերլուծությունները, հայրենասիրությունը․ այսօր շատ գործնական առաջարկ եմ անում՝ պետք է Ադրբեջանի հետ բոլոր կապերը խզել, մինչև Բաքվի բանտերում պահվող բոլոր գերիների վերադարձը»,-ասել է Օսկանյանը:
Դիվանագետի խոսքով՝ բանակցություններից հրաժարվելը հասկանալի կլինի բոլորի, այդ թվում՝ միջազգային հանրության համար, և սա Փաշինյանի նվազագույն իրավունքն է, որ կարող է դնել սեղանին։
«Եթե մեկը մտածում է, թե սա պետք չէ անել, քանի որ կվտանգենք մեզ և մեր գլխին վատ երազ կբերեն, պատերազմ կսկսվի, իսկ մենք պատրաստ չենք մեզ պաշտպանել, ուրեմն մենք իրավունք չունենք պետություն ունենալու»,-ասել է Օսկանյանը։
Նա քաղաքական, մշակութային գործիչներին խորհուրդ է տվել կոչերով հանդես գալ՝ Ռուբեն Վարդանյանին հորդորելով դադարեցնել հացադուլը, քանի որ նրա կյանքն այսօր վտանգված է։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ բոլոր գերիների, պատանդների վերադարձի բանալին Փաշինյանի մոտ է, նրանից պետք է պահանջենք, նրա առաջ պետք է խնդիր դնենք։ Այլ դռներ մի՛ փնտեք, մի դուռ կա թակելու՝ Կառավարության դուռը, Փաշինյանի դուռը։ Պարտադրե՛ք նրան, ստիպե՛ք, որ այս քայլն անի, և դրա մեջ որևէ վտանգ չկա։