
ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակել
Մարտի 3-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց․ տեղեկացնում են Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին կից մշտական ներկայացուցչությունից։
«Տյուրկը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ՝ ազգությամբ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ «նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ։
Բարձր հանձնակատարն ընդգծել է նաև, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին։ Նա հույս հայտնել, որ բանակցությունները «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին», որին պատրաստ է իր աջակցությունը բերել։