
Գին, որ պետք է վճարել Էրդողանի մրցակիցը լինելու համար․ ո՞վ կարող է դառնալ Թուրքիայի հաջորդ նախագահը
Ստամբուլի հանրահայտ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն շատերի կողմից դիտվում է որպես հավանական հաջորդ նախագահ, եթե միայն Էրդողանը նրան բանտ չնստեցնի. գրել է Politico-ն:
«Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին կարել է ներել այն բանի համար, որ նա կորցրել է բազմաթիվ, հաճախ շփոթեցնող դատական գործերի և հետաքննությունների հաշիվը, որոնք իշխանությունները հարուցել են նրա դեմ։ Դա այն գինն է, որը պետք է վճարել, եթե հայտնվում եք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակցի դերում», – գրել է թերթը։ Ակնկալվում է, որ Իմամօղլուն՝ Թուրքիայի 53-ամյա ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը, ամենայն հավանականությամբ, կդառնա ընդիմության կողմից նախագահի թեկնածուն այս ամիս՝ մարտի 23-ին, կայանալիք Հանրապետական-ժողովրդական կուսակցություն հանդիպման ժամանակ: Իմամօղլուն հաղթել է Թուրքիայի ամենամեծ քաղաքի համար երեք կատաղի պայքարում։ Հաշվի առնելով այդ հաջողությունները՝ զարմանալի չէ, որ Էրդողանի իշխանությունները հորինել են դատական գործընթացների գլխապտույտ զանգված՝ Իմամօղլուին կանգնեցնելու կամ, ծայրահեղ դեպքում, նրան բանտարկելու համար: Ստամբուլը հատկապես զգայուն տարածք է իսլամիստական կառավարության համար, քանի որ Էրդողանն ինքը նույնպես օգտագործել է մեգաքաղաքի իր քաղաքապետությունը որպես ցատկահարթակ 85 միլիոնանոց երկրում իշխանություն ապահովելու համար։ Իմամօղլուի փաստաբան Մեհմեդ Փեհլիվանը Politico-ին հայտնել է, որ վեց տարի առաջ քաղաքապետ դառնալուց հետո Իմամօղլուի և նրա գրասենյակի դեմ 42 վարչական և 51 դատական հետաքննություն է սկսվել։
Ինքը՝ Իմամօղլուն, պնդում է, որ նախագահը ցանկանում է իրեն ազատազրկել մինչև 25 տարի ժամկետով։ Դեպքերը տատանվում են լուրջից մինչև ուղղակի սյուրռեալիստական: Մեղադրանքներից մեկն այն է, որ նա ոտքով հարվածել է սուլթան Մեհմեդ Նվաճողի գերեզմանին, ով ավելի քան կես հազարամյակ առաջ բյուզանդացիներից գրավել է այն ժամանակվա Կոստանդնուպոլիսը: Մյուսն այն է, որ նրա վարչակազմի կողմից գնված միկրոավտոբուսները հարմար չէին Ստամբուլի մերձակայքում գտնվող Մարմարա ծովի ամենամեծ կղզու փողոցների համար: Դատական հետաքննություններից 29-ը, որոնք վերաբերում են այնպիսի մեղադրանքներին, ինչպիսիք են սպառնալիքները, պաշտոնեական վատ վարքագիծը, մրցույթների կեղծումը և կաշառակերությունը, փակվել են: Հինգը գտնվում են դատաքննության փուլում։ Ըստ փորձագետների՝ այսօր Իմամօղլուն ամենամեծ սպառնալիքն է Էրդողանի կառավարության կամ նրա վերընտրվելու շանսերի համար։ Դատական իշխանության կողմից մեկը մյուսի հետևից հարուցված գործերն ուղղված են այս սպառնալիքը վերացնելուն։