
Կարմիր Խաչի գրասենյակ, ՄԱԿ-ի գործակալություններ․ Ադրբեջանը փակում է միջազգային կառույցները
Ադրբեջանը կվերանայի մի քանի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ձեւաչափը. պաշտոնական Բաքվի այս քայլին գնալու որոշումը բացատրվում է նոր իրողությունների ի հայտ գալով և հնացած կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության կորստով։
Կազմակերպությունների թվում, որոնց համագործակցության ձևաչափը կվերանայվի, գերակշռում են ՄԱԿ-ի գործակալությունները։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 3-ին հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման Համակարգման Գործակալության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կի Յեոպ Սոնի հետ և քննարկել այս հարցը։
Պաշտոնական Բաքուն առաջարկել է փակել ՄԱԿ-ի չորս գրասենյակ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գրասենյակները Ադրբեջանում։
APA-ի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը ՄԱԿ-ի այս չորս գրասենյակների հետ մեկտեղ նաև ծանուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) տեղական ներկայացուցչությունների փակման մասին։
ՄԱԿ-ի որոշ գործակալությունների հետ հետագա համագործակցությունը կշարունակվի ազգային առաջնահերթություններին համահունչ ծրագրի վրա հիմնված համագործակցության մեխանիզմի միջոցով: