
Իրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ․ Խամենեի
Իրանի Իսլամական Հանրապետությունը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին․ հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, գրում է ТАСС գործակալությունը։
«Որոշ անբարեխիղճ կառավարություններ բանակցություններ են վարում ոչ թե խնդիրները լուծելու, այլ սեփական շահերը ուրիշների վզին փաթաթելու համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, չի արդարացնի նրանց ակնկալիքները»,- հայտարարել է գերագույն առաջնորդը Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, որով առաջարկում էր բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։
Ըստ Խամենեիի՝ Արևմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառումը ոչ այլ ինչ է, քան «քաղաքակրթության խայտառակություն»: Նա հավելել է, որ անհնար է ճանաչել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի հանցագործությունները և միաժամանակ հերքել Գազայի հատվածում իսրայելցիների հանցագործությունները։