10 Մար
2025
10.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լաթաքիայում 4 օր է լույս ու ջուր չկա, հայկական դպրոցն ու եկեղեցին փակ են. մանրամասներ՝ հայ համայնքի վիճակի մասին

Լաթաքիայում 4 օր է լույս ու ջուր չկա, հայկական դպրոցն ու եկեղեցին փակ են. մանրամասներ՝ հայ համայնքի վիճակի մասին

Սիրիայի ծովափնյա Լաթաքիա նահանգում այս օրերին վիճակը լարված է. ապստամբած ալավիներին ճնշելու համար սիրիական նոր կառավարությունն ուժ է կիրառել:  ABC media-ն զրուցել է Լաթաքիայում բնակվող լրագրող Նաիրի Կարապետյանի հետ, մանրամասներ ճշտել տեղի հայ համայնքի վիճակի մասին:

«Այսօր իրադրությունն ավելի լավ է, քաղաքում ավելի հանդարտ է: Մինչև երեկ առավոտ քաղաքում պարետային ժամ էր հայտարարված, դուրս չէինք գալիս, այսօր արդեն ավելի լավ է, ժողովուրդը կարողացավ փողոց դուրս գալ, բայց դեռ աշխատանքի գնալ հնարավոր չէ, միայն մթերային խանութներն են բաց, որտեղից սնունդ, ուտեստեղեն ենք կարողացել գնել»,-պատմեց Կարապետյանը:

Նա նշեց, որ համայնքի ներկայացուցիչները հայերին հորդորել են տներից դուրս չգալ:

«Հայերն ընդհանրապես տներում է, ապահով է, դպրոցն ու եկեղեցին դեռ փակ են, մինչև իրավիճակն ավելի բարելավվի, որպեսզի վերսկսենք: Էլեկտրականության տագնապ ունենք, արդեն 4 օր է ջուր և էլեկտրականություն չկա»,-մանրամասնեց նա:

Խոսելով սպանված երկու հայերի մասին՝ Նաիրի Կարապետյանը նշեց, որ նրանք բնիկ հայեր էին՝ գյուղից,  սպանվել են Լաթաքիայի մուտքին՝ ճանապարհին: Հայր ու որդի էին, զոհվել են կրակոցներից: Նրանցից բացի համայնքը զոհ կամ վիրավոր չունի:

«Տեղեկություն ենք ստանում բացառապես սիրիական լրատվամիջոցներից, մենք միայն լսում ենք, ականատես չենք: Քաղաքում կրակոցներ չկան, բայց խուզարկություններ են լինում»,-ասաց Կարապետյանը:

Ռազմագերիներ