
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը դեռ չի նշանակում գործընթացի վերջնական կայունացում․ Մարտիրոսյան
Հայաստանն ընդունել է խաղաղության պայմանագրի վերջին երկու հոդվածը, և տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են։ Սակայն այս գործընթացը ուղեկցվում է մի շարք հանգամանքներով, որոնք արժանի են ուշադրության․ այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։
«Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այս պայմանագրով՝ Արցախում ցեղասպանություն տեղի չի ունեցել, 120.000 հայ չի գաղթել, այլ «լքել է պատմական ադրբեջանական հողերը», որտեղ «ազգային փոքրամասնություն» էր, 5000 հայ զոհվածներ չեն ընկել հայրենիքի համար պայքարում, այլ որակվում են որպես «զավթիչներ, օկուպանտներ և անջատողականներ»։Բացի այդ, հայկական կողմը որոշում է ընդունել՝ ԵՄ դիտորդական առաքելությունը դուրս բերել Հայաստանի տարածքից, չնայած նախկինում այն համարվում էր խաղաղության միակ երաշխիքը տարածաշրջանում, հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գործընթացներից, ինչը նշանակում է պետական մակարդակով չեղարկել ադրբեջանական վայրագությունների և ցեղասպանության իրավական պատասխանատվության պահանջը։
Այս զարգացումներից հետո, պաշտոնական Բաքուն ներկայացնում է նոր պահանջ՝ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որը, ըստ Ադրբեջանի, «պարունակում է տարածքային պահանջներ» իր նկատմամբ։
Այսպիսով, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը դեռ չի նշանակում գործընթացի վերջնական կայունացում, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է ներկայացնել նոր պահանջներ»,– գրել է նա։