
Տարածաշրջանի համար ընդունելի Սահմանադրության վերջը Բաշար Ասադ դառնալն է. Աբրահամ Գասպարյան
Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի կնքի Հայաստանի հետ ոչ թե այն պատճառով, որ նրա խաղաղասիրական նկրտումները, մեղմ ասած, վիճարկելի են, ոչ թե այն պատճառով, որ նա ախորժակ չունի Սևանի, Սյունիքի կամ Տավուշի նկատմամբ, այլ որովհետև Հայաստանի ղեկին չկա կայուն և երկարատև խաղաղության երաշխավոր, ուժեղ ղեկավար. ասել է քաղաքագետ, Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանն իր հեղինակային «Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման հերթական թողարկմանը։
Գասպարյանի խոսքով՝ Փաշինյանը պիտի փոխի Հայաստանի Սահմանադրությունը, որ որևէ անդրադարձ չլինի Հայաստանի անկախության հռչակագրին, այսինքն` ոչ մի հղում Խորհրդային Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Մյուս հարցն էլ վերաբերվում է Հայոց ցեղասպանության և իրավատիրության չեղյալ հայտարարելուն։
«Սահմանադրությունը միայն տեքստ, գիր ու նախադասություն չէ, այլ քաղաքական պրոցեսի մեջ արտահայտվող սկզբունքների ու նպատակների ամբողջություն: Տարածաշրջանի համար ընդունելի Սահմանադրության վերջը Բաշար Ասադ դառնալն է»,- ասել է քաղաքագետը՝ անդրադառնալով նաև Սիրիայում ալավիների սպանդին և Սիրիայի գործող նախագահի և Սիրիայի դեմոկրատական ուժերի առաջնորդի կնքած համաձայնագրին։
Գասպարյանը նշել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում փակում է քրդական ազգային էջը և հասկացնում, որ քրդերը Սիրիայում առանցքային փոքրամասնություն են և մյուսների նման վայելելու են ոչ թե առանձնահատուկ կարգավիճակ, այլ սահմանադրական-քաղաքացիաիրավական նորմերով սահմանված իրավունքները:
«Այս ամենն ի՞նչ կապ ունի Լաթաքիայում և Տարտուսում ալավիների սպանդի հետ, կամ ինչու՞ Արևմուտքը չդատապարտեց Լաթաքիայի դեպքերը, որովհետև այդ դեպքում հնարավորություն էր տալու ռուսական, իրանական ու Իրաքի շիական խմբավորումներին, Հըզբոլլահին վերաակտիվանալ Սիրիայում և խանգարել ԱՄՆ-ի ծրագրերին: Իսկ Վաշինգտոնի կոմբինացիան բավական դիտարժան է ու շատ հետաքրքիր։ Մեկ քարով երկու նապաստակ խփեց. Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի դիրքերը վերջնականապես թուլացնելու համար ջարդեց Լաթաքիան և այդտեղի բնակչությանը, միաժամանակ Ջոլանիին պարտադրեց հաշվետվության կանչել Լաթաքիայի և Տարտուսի դեպքերի մեղավորներին՝ նույնիսկ ամենամերձավորներին, որպեսզի սեփական ձեռքով պատժեն նրանց»,- ասել է քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։