
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում «միջանցքի» մասին խոսք չկա, պետք չէ փաստաթուղթը հատվածական ներկայացնել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրք լրագրողներին, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել է «Զանգեզուրի միջանցքի», ճանապարհների ապաշրջափակման, Մեղրիով անցնող երկաթուղու մասին, ինչի կարևոր հատվածները ներկայացնում ենք ստորև.
- «Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի: Երբ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
- Մենք չորս սահման ունենք, որից երկուսը ամբողջությամբ փակ են։ Եվ այս փաստն ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է շահագրգռված լինենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում։
- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում «միջանցք» արտահայտություն ընդհանրապես չկա։ Ես հասկանում եմ, որ «միջանցք»բառը այլ տարածաշրջաններում և միջազգային խոսույթում այլ կերպ է օգտագործվում, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստում կա մի նրբություն. այնտեղ կա «Լաչինի միջանցք» արտահայտություն, որն այս համատեքստում որոշակիորեն, այսինքն դա գրված և ստորագրված է։ Իսկ նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում «միջանցք» արտահայտություն ընդհանրապես գոյություն չունի։
- Եռակողմ հայտարարության մեջ նշվում է գերիների պատանդների, ռազմագերիների պատանդների այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ։ Ավելին` սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների բերումով, որոնք, մեր գնահատմամբ, բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով`այլ արգելված միջոցներ և այլն և այդպես շարունակ։
- Եռակողմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը շարունակապար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Եռակողմ հայտարարության մեջ խոսվում է փախստականների` Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձի մասին, բայց եռակողմ հայտարարությունից հետո, ընդհակառակը, փախստականների թիվը մեծացել է, տեղի է ունեցել բռնի տեղահանում և այլն։Ես նկատի ունեմ` դա եռակողմ հայտարարության դրույթներին հատվածական վերաբերվելը լավ մոտեցում չէ։
- Տեղ-տեղ ասել` այն այլևս ուժ չունի, ուրիշ տեղերում ասել` այն ուժ ունի, ընդ որում` վերագրելով դրույթներ, որոնք իրականում գոյություն չունեն, ի վերջո դա հրապարակային փաստաթուղթ է։
- Հայաստանի Հանրապետությունը պատրա՞ստ է արդյոք սեփական տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախջևանի ինքնավար Հանրապետության հետ։ Այո, իհարկե, պատրաստ է։ Եվ մենք այս թեմայով շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին, որը, մեր կարծիքով, ոչ թե ուղղակի առաջարկություն է, այլ երկաթուղային բեռնափոխադրումների մասով լուծում է խնդիրը, և մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։
- Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի հյուսիսային շրջաններից դեպի Մեղրի, այսինքն` հարավային ռեգիոն, երկաթուղային կապ չկա և երկաթուղային կապը անցնում է միայն Ադրբեջանի, այսինքն` Նախջևանի ինքնավար Հանրապետության տարածքով։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք ապահովել երկաթուղային կապը, և ակնկալում ենք, որ նույնպիսի կապ կապահովվի նաև Հայաստանի` մասնավորապես Երասխ- Մեղրի երկաթուղային կապի համար:
- Առաջարկում ենք ավտոմոբիլային տրանսպորտային կապի ստեղծում, այդ թվում` Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով կարող է կապվել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի հետ, իհարկե, այս պարագայում նաև ենթադրվում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացում և այլն»։