
ԵՄ-ը մտադիր է շարունակել Մոսկվային զսպելու քաղաքականությունը նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո. Politico
ԵՄ-ն մտադիր է լայնածավալ նախագիծ սկսել ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների ավելացման և ռազմական արտադրության ավելացման համար՝ ուղղված Ուկրաինային աջակցելուն և Ռուսաստանին զսպելուն՝ եվրոպական անվտանգության ապահովման գործում իր դերը նվազագույնի հասցնելու ԱՄՆ-ի ցանկության ֆոնին. հայտնել է Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով պաշտպանության մասին նախագծի փաստաթուղթը։ Այն պատրաստվել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի և Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի կողմից և հաջորդ շաբաթ պետք է ներկայացվի ԵՄ առաջնորդներին: «Եվրոպական պաշտպանությունը վերականգնելը պահանջում է հսկայական ներդրումներ և երկար ժամանակ»,- նշվել է տեքստում։
Մասնավորապես, ԵՄ նոր պաշտպանական քաղաքականության հիմնական տարրերը ներառում են ԵՄ երկրների և «երրորդ երկրների համախոհ ընկերությունների կողմից զենքի արտադրության խթանումը», ինչպես նաև զենքի համատեղ գնումները և պաշտպանական նախագծերի պարզեցված ֆինանսավորումը: Այսպիսով, եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի վերականգնումը ենթադրում է, որ ԵՄ-ը պետք է «դիտարկի համայնքի ներսում արտադրվող պաշտպանական արտադրանքի առաջնահերթության հիման վրա գնման հնարավորությունը»։
Առաջարկվում է նաև կազմակերպել զենքի «համատեղ գնումներ» համայնքային երկրների կողմից՝ Եվրոպայում շուկայի մասնատման դեմ պայքարելու նպատակով, իսկ Եվրահանձնաժողովը հանդես կգա «կենտրոնական գնումների մարմնի» դերով։ Ընդհանուր առմամբ՝ փաստաթուղթը նախանշում է ներդրումների համար յոթ հիմնական ոլորտներ, այդ թվում՝ օդային և հակահրթիռային պաշտպանություն, հրետանային համակարգերի, զինամթերքի և հրթիռների արտադրություն, անօդաչու թռչող սարքերի նախագծում, ռազմական շարժունակության զարգացում, պաշտպանության ոլորտում բարձր տեխնոլոգիաների ներդրում և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանություն։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը «էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում» ԵՄ-ի համար, և, հետևաբար, դաշինքը մտադիր է շարունակել Մոսկվային զսպելու քաղաքականությունը նույնիսկ այն բանից հետո, երբ Ուկրաինայում խաղաղություն հաստատվի։ Այս պահին Բրյուսելի հիմնական խնդիրը մնում է շարունակել աջակցել Կիևին։ «Առանց զգալի լրացուցիչ ռազմական ռեսուրսների, հատկապես հիմա, երբ Միացյալ Նահանգները դադարեցրել է օգնությունը, Ուկրաինան չի կարողանա բանակցել արդար և տևական խաղաղության մասին ուժի դիրքերից»,- նշվել է տեքստում։