
ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի ամբողջական տեքստի շուրջ։ Այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավորների համատեղ հայտարարության մեջ:
«Հայաստանի կառավարությունը գովեստի է արժանի այս նշանակալի իրադարձության համար, որը հաջորդեց նրա այն հայտարարությանը, որ ընդունել է Ադրբեջանի առաջարկները վերջին երկու չկարգավորված հոդվածների վերաբերյալ, և համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարությանը: Մենք հավատում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կօգտվի այս պատմական հնարավորությունից՝ վերջ դնելու տասնամյակներ տևած հակամարտությանը և կառուցելու բարգավաճ Հարավային Կովկաս՝ ստորագրելով և իրականացնելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ:
Եվրապատգամավորները նշել են, որ խրախուսում են սահմանազատման գործընթացում հետագա առաջընթացը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության, փոխադարձության և հավասարության վրա:
«Նույն ոգով հավատում ենք, որ Թուրքիայի կառավարությունը կօգտվի տարածաշրջանում ընթացիկ դրական իրադարձություններին աջակցելու հնարավորությունից և փոխադարձաբար կպատասխանի հայ-թուրքական սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ի շահ իր քաղաքացիների և ողջ Հարավային Կովկասի»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը տարածվել է պատգամավորներ Դևիդ ՄքԿալիստերի, Սերգեյ Լագոդինսկու, Նիլս Ուշակովսի, Միրիամ Լեքսմանի, Դան Բարնայի անունից: