
Երբ Հայաստանը հաղթահարի առկա խնդիրները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման․ Ադրբեջանի ԱԳՆ
Երբ Հայաստանը հաղթահարի առկա խնդիրները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ դատապարտելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Բրազիլիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ելույթը։
«Հայկական կողմը փոխանակ փորձի վերացնել պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները, մանիպուլյացիաներով է զբաղված՝ փորձելով Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված կողմ։Ադրբեջանը կշարունակի խաղաղությանն ուղղված ջանքերը և վճռականորեն կճնշի այդ գործընթացի դեմ ուղղված քայլերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Միրզոյանը Բրազիլիայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն, սակայն, ինչպես Միրզոյանն է նշել, խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի: