21 Մար
2025
12.1° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սոթքում կրակե՞լ են. ՊՆ հայտարարությունների ու սոցցանցային աղմուկի հետքերով

Սոթքում կրակե՞լ են. ՊՆ հայտարարությունների ու սոցցանցային աղմուկի հետքերով

Վերջին շաբաթվա ընթացքում Բաքուն հաճախ է ապատեղեկություններ տարածում, Հայաստանն էլ հերքում, հորդորելով՝ չկեղծել սահմանային վիճակը։ 6 օրում 13 նման հաղորդագրություն է եղել: Համացանցում «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանն այսօր առավոտյան գրառմամբ հայտնեց, որ ամբողջ գիշեր կրակել են Սոթքի ուղղությամբ։

«Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում»,- գրել էր Առաքելյանը։

Պաշտպանության նախարարությունը սոցցանցերում նման տեղեկությունների տարածումից հետո հայտարարությունն տարածեց, հորդորեց զգույշ լինել հայտարարություններում ու ապատեղեկություններ չտարածել։

«Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո»,- հայտարարել են պաշտպանական գերատեսչությունից՝ օգտատերերին ևս մեկ անգամ հորդորելով զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց։»,- գրեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Չնայած այս հայտարարությանը՝ Սոթքում կրակոցների մասին խոսակցությունները չդադարեցին: Օրինակ՝ Նաիրի Հոխիկյանը գրեց՝ պաշտպանության նախարարությունը թաքցնում է Ադրբեջանի ագրեսոր քաղաքականությունը։ Հոխիկյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիր կնքելու ֆոնին թաքցնում են Բաքվից հնչող կրակոցները։

«Թշնամին կրակում է և վայնասուն բարձրացնում, թե հայերն են կրակել։ Հայաստանն էլ չի կրակում, բայց չի էլ խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին և մշտապես միայն արդարանում է, ինչը աշխարհում սխալ պատկերացում է ձևավորում»,- գրել է Հոխիկյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն էլ հայտարարեց, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ կամ կուտակում չկա։

«Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում ապատեղեկությունը նրա մասին, որ կան կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՊՆ-ն չի հաստատում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պապիկյան։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ հրադադարի խախտում չի եղել, իսկ եթե Բաքուն, հայտարարություններին կից նաև փաստեր հրապարակի, պատրաստ են հետաքննություն անցկացնել։

Պաշտոնական լրահոսին հակադարձելով՝ Մեսրոպ Առաքելյանը նոր գրառում արեց:

«Իշխանության ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս և դուրս եք գալիս քաղաքականությունից»,- գրեց Առաքելյանը։

Սահմանային վիճակին անդրադարձավ նաև Արտաքին հետախուզության ղեկավարը՝ նշելով՝ անհանգստանալու առիթ այս պահին չկա։

«Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։ Սակայն իրավիճակը արագ է փոխվում, որին հետևում ենք»,- ասաց Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։

Ռազմագերիներ