
Իշխանությունը վախենում է մարդկանցից, որոնց հետևից գնում է ժողովուրդը․ Վարդան Ղուկասյան
Երբ մենք ասում ենք, որ Գյումրիի հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, պետք է հասկանանք, որ այս հարցի լուծումը պահանջում է ներդրումներ և երկարաժամկետ ռազմավարություն. ABC media-ի հետ հարցազրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
Հարցազրույցի ընթացքում թեկնածուն անդրադարձել է քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ ապօրինի զենք կրելու կասկածանքով բերման ենթարկվելուն։ Նա վստահ է, որ գործող իշխանությունները վախենում են այն մարդկանցից, որոնք ունեն հանրային աջակցություն։
«Այսօր իշխանությունը վախենում է մարդկանցից, որոնց հետևից գնում է ժողովուրդը։ Ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք ինձ և իմ նման մարդկանց հալածում, որովհետև նրանց համար այդ վախը շատ մեծ է։ Նրանք վախենում են, որ մի օր մենք կարող ենք փոխարինել իրենց և այդ վախը շատ սարսափելի է»,-ասել է թեկնածուն։
Ղուկասյանն անդրադարձել է նաև ապօրինի զենք պահելու հետ կապված կեղծ քրեական գործերին, դրանք որակելով «խայտառակություն» և «բեմականացում»։
Նա շեշտել է, որ իշխանություններն այդ քայլերով պարզապես ցանկանում էին վախեցնել մարդկանց՝ փորձելով ցուցադրել, որ անպարտելի են։ «Իրենք վարկաբեկվեցին, իմ ռեյտինգը ավելի բարձրացրեցին, ինչքան նմանատիպ գործառույթներ իրականացնեն, մենք ավելի կհզորանանք, որովհետև գյումրեցին և հայ ժողովուրդը չեն սիրում նմանատիպ վերաբերմունք»,-եզրափակել է Ղուկասյանը: