
Բեռլինից Տոկիո․ միջուկային սպառազինությունների նոր մրցավա՞զք է սկսվում․ FT
ԱՄՆ-ի դաշնակիցները Եվրոպայում և Ասիայում դիտարկում են սեփական միջուկային վահան ստեղծելու տարբերակները՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքի պատճառով․ գրել է Financial Times թերթը։
Հրատարակությունը պնդում է, որ ԱՄՆ նախագահի «շրջադարձը դեպի Մոսկվա և նրա արհամարհանքը ՆԱՏՕ-ի հանդեպ» ստիպել են Վաշինգտոնի դաշնակիցներին մտածել ամերիկյան միջուկային հովանու տակից հնարավոր ելքի նախապատրաստման մասին։ Carnegie Endowment-ի փորձագետ Անկիթ Պանդան թերթի հետ զրույցում նշել է․ «Թրամփի ֆենոմենը հզոր խթան է տվել ԱՄՆ դաշնակիցների տեսակետին, որ միջուկային զենք ունենալը հիմնովին կլուծի ամերիկյան անվստահության խնդիրը»:
Ըստ FT-ի՝ գերմանացի պաշտոնյաները մասնավոր կերպով սկսել են կասկածի տակ դնել Բեռլինի՝ սեփական միջուկային զենք ձեռք բերելու անհրաժեշտությունը՝ «ցնցված զարգացումների տեմպերով՝ Թրամփի իշխանության գալուց հետո», թեև նրանք հրապարակայնորեն կասկածներ չեն հայտնել ամերիկյան միջուկային վահանի հուսալիության վերաբերյալ։ Վաշինգտոնում Գերմանիայի նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը զգուշացրել է, որ Գերմանիայի մուտքը միջուկային տերությունների շարք կարող է խաթարել միջազգային հանրության վստահությունը։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ավելի վաղ FT-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենք տեղակայել երկրում։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկիրը պետք է փնտրի միջուկային և այլ ոչ սովորական սպառազինությունների հասանելիություն, այդ թվում՝ Ֆրանսիայի միջուկային հովանոցի նախաձեռնությանը մասնակցելու միջոցով: Տուսկը և Դուդան ներկայացնում են Լեհաստանի մրցակից քաղաքական ուժերը։ «Բայց եթե մենք ցանկանում ենք լինել նոր եվրոպական թիմի և միջուկային նախագծի մաս, ապա, իհարկե, ցանկանում ենք մասնակցել»,- հավելել է Տուսկը։ Լեհական PGZ (Polska Grupa Zbrojeniowa) պաշտպանական կոնցեռնի տնօրենների խորհրդի անդամ Մարչին Իձիկը պարզաբանել է, որ սեփական միջուկային զենքի ստեղծումը չափազանց թանկ կարժենա Վարշավայի համար, որը «սրա համար ժամանակ չունի»։ Հարավկորեացի փորձագետները FT-ին հայտնել են, որ այս երկիրը ևս ակտիվացրել է քննարկումները սեփական միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ: Սեուլի ազգային համալսարանի միջուկային ճարտարագիտության պրոֆեսոր Սու Կյունգ-Ռյուլն նշել է, որ երկիրն արդեն ունի միջուկային զենք արտադրելու հիմնական տեխնոլոգիան: Ճապոնիայում՝ միակ երկրում, որը տուժում է միջուկային զենքից, նմանատիպ բանավեճ է ընթանում փոքր շրջանակներում, չնայած այն բանին, որ միջուկային զենք ունենալու թեման եղել է «ամենալուրջ քաղաքական տաբուն» իր հետպատերազմյան պատմության մեջ, գրել է FT-ն։ Ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյան թերթին հայտնել է, որ այդ հարցի շուրջ քննարկումները միշտ սահմանափակվել են ավելի ռազմական մոտեցումներ ունեցող քաղաքական գործիչների մի փոքր խմբով, սակայն «մասնակիցների շրջանակն այժմ կարող է ընդլայնվել»: