
Դանիայի վարչապետը խոստացել է «դեմ կանգնել» Սպիտակ տան կողմից Արկտիկայի կղզու դեմ ագրեսիվ արշավին
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Գրենլանդիայի վրա «անընդունելի ճնշում» գործադրելու համար՝ անդրադառնալով ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսի, ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցի և էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի ծրագրված առաջիկա այցին Դանիայի տարածք․ հայտնել է Politico-ն:
«Ակնհայտ է, որ սա այց չէ, որը վերաբերում է Գրենլանդիայի կարիքներին կամ ուզածին։ Ուստի՝ պետք է նշեմ, որ անընդունելի է ճնշում գործադրել Գրենլանդիայի և Դանիայի վրա այս իրավիճակում, և դա ճնշում է, որին մենք դեմ ենք կանգնելու», – նշել է Ֆրեդերիկսենը:
Դանիայի վարչապետի այս քննադատությունն ամենակոշտն էր Սպիտակ տան հասցեին այն բանից հետո, երբ Թրամփն իր ուշադրությունը հրավիրել է Դանիայի ինքնավար տարածքն՝ իր կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարներով և Արկտիկայի կենսական աշխարհառազմավարական դիրքով, զավթելուն:
Թրամփն առաջին անգամ բարձրաձայնել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու հեռանկարն իր առաջին ժամկետի ընթացքում, բայց խաղադրույքները բարձրացել են Սպիտակ տուն վերադառնալուց հետո։
ԱՄՆ նախագահը չի բացառել աշխարհի ամենամեծ կղզու գրավումը ռազմական ուժի կամ տնտեսական հարկադրանքի կիրառմամբ և դա անվանել է «բացարձակ անհրաժեշտություն» ԱՄՆ ազգային անվտանգության համար:
Ֆրեդերիկսենն ընդգծել է, որ երբ Թրամփը խոսում է Գրենլանդիայի մասին, նա «լուրջ է» և իրական վտանգ է ներկայացնում: Նա նաև ընդգծել է, որ և՛ Կոպենհագենը, և՛ Նուուկը (Գրենլանդիայի մայրաքաղաքը) մեծ ցանկություն ունեն գործակցելու ԱՄՆ-ի հետ: «Մենք դաշնակիցներ ենք, մենք Գրենլանդիայի վերաբերյալ պայմանագիր ունենք 1951 թվականից: Ո՛չ Դանիայում, ո՛չ Գրենլանդիայում որևէ նշան չկա, որ մենք չենք ցանկանում համագործակցել ամերիկացիների հետ: Բայց երբ դուք նման այց եք կատարում այն պարագայում, երբ գրենլանդացի քաղաքական գործիչները չեն ցանկանում դա, դուք չեք կարող դա մեկնաբանել որպես հարգանք», – ավելացրել է Դանիայի վարչապետը։