
Գյումրու պոտենցիալը փոշիացրել են «հրեշ անդոները». Ռուբեն Մխիթարյան
Գյումրիում կայացավ Գյումրու քաղաքապետի «Իմ հզոր համայնքը» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանի հանդիպումը գյումրեցիների հետ։ Նա իր նախընտրական ծրագիրն է ներկայացրել իր ընտրողներին․
«Լենինականը շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ է ունեցել, որոնք փոշիացրել են երկու աղետներ՝ երկրաշարժի ցնցումները և Գյումրին թալանած «Հրեշ Անդոները», որոնք այսօր գառան դիմակ հագած իշխող ուժի կուսակցությունում մնացածին են մեղադրում թալանի մեջ»,-ասել է Մխիթարյանը։
Մխիթարյանը նշեց, որ իրենք Գյումրին դիտարկում են արդյունաբերական, զբոսաշրջային և տեխնոլոգիական կլաստեր։
«Մենք շատ լավ պատկերացնում ենք այն ոլորտը, որի մասին խոսում ենք։ 12 իրադարձություն, որ տեղի կունենա ոչ թե մեկ օրում, այլ կմեկնարկի ուրբաթ օրվանից և կավարտվի կիրակի։ Զբոսաշրջիկների համար կստեղծվի հնարավորություն երկու օր գիշերել Գյումրիում»,- ասաց Մխիթարյանը և հավելեց, որ սա ենթադրում է ծառայությունների ակտիվացում քաղաքում։
Մխիթարյանը նշեց, որ Գյումրին երիտասարդների համար լինելու է վերադարձի քաղաք։
«Մեր քաղաքը լինելու է սոցիալական արդարության խորհրդանիշ, չի լինելու երեխա, որ կարիքից դրդված դպրոց չգնա»,-ասել է նա։