
Լրագրողների ակցիա, քաշքշուկ, անձեռնմխելիությունից զրկվող պատգամավոր․ ԱԺ-ում՝ այսօր
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 7 ընդդիմադիր։
Ավելի ուշ օրենսդիր մարմին էր այցելել ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ միջնորդելու, որ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեն ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին։
Վերջինիս պնդմամբ՝ ինքը քաղաքական ճնշումների է ենթարկվում, որովհետև անընդհատ ընդդիմախոս է եղել վարչապետին։
«Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօրվա Նիկոլ Փաշինյանը չէր։ Այն ժամանակ Հակոբ Արշակյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և մյուսներն այդքան շատ չէին տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Իրենք էլ իրենց հեղինակությունն ունեին, ես էլ, որպես մարդ, որոշակի հեղինակություն ունեի։ Բայց ամեն անգամ ընդգծված ձևով ինձ հետ գցեցին, որ ես հասկանամ՝ դա վերաբերմունք է, թե քեզ կարգին պահիր։ Իսկ ես ինձ կարգին չեմ պահել, չեմ էլ պահելու», – ասել է Աղազարյանը։
Մինչև ԱԺ դահլիճում գործընկերոջը մանդատից զրկելու հարցն էր քննարկվում, միջանցքներում պատգամավորները ճեպազրույցներ էին տալիս ու խոսում ոչ միայն Հովիկ Աղազարյանի, այլև խաղաղության համաձայնագրի ու պատերազմի հավանականության մասին։
«Պատերազմի վտանգ կա, պատերազմի առիթ և հիմք չկա։ Չենք ասի, որ վտանգն ավելի շատ է, քան երեկ, բայց վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին»,- նշել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու հավելել՝ Հայաստանը շարունակում է գնալ խաղաղության ուղղությամբ։
Սահմանի երկայնքով հնչող կրակոցների մասին խոսեց նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «ՊՆ-ն հետևում է այդ ամենինն, և դրա լուծման ճանապարհը դիվանագիտական է»:
Կառավարության հետ հարցուպատասխանի մեկնարկից առաջ էլ խորհրդարանում ակցիա արեցին լրագրողները։ Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը 161 լրագրողի ստորագրությամբ նամակ փոխանցեց Նիկոլ Փաշինյանին: Վերջինս վերցրեց նամակն ու, առանց հարցերին պատասխանելու, հեռացավ։
Լրագրողները Փաշինյանից պահանջում են քննել թիմակիցների՝ մասնավորապես ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը։
Նիստի ժամանակ լրագրողները փորձեցին նաև պաստառ պահել օթյակում, որպեսզի կառավարության ու օրենսդիր մարմնի անդամներին տեսանելի լինի, սակայն անվտանգության աշխատակիցները քաշքշելով խլեցին պաստառը և դուրս հրավիրեցին լրագրողների համար նախատեսված օթյակից։