
Եթե ՀՀ-ն շարժվում է դեպի Եվրոպա, ապա անհրաժեշտ կլինի վերանայել այս երկրի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը․ Օվերչուկ
Հայաստանը չի կարողանա «երկու աթոռի վրա նստել»։ Այն պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև․ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էին ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։
«Ես կարդացել եմ օրենքի տեքստը, որն ընդունվել է։ Այն «կողմ է ամեն լավին և դեմ ամեն վատին» կամ լրիվ ընդհանրական խոսքեր։ Սա Հայաստանի ներքին խնդիրն է։ Փաստորեն, մենք հասկանում ենք, որ և՛ ԵԱՏՄ-ն, և՛ ԵՄ-ն ունեն նման օրակարգեր։ Հետևաբար, երկիրը պետք է որոշի և կատարի այս ընտրությունը։ Որովհետև բացարձակապես անհնար է միաժամանակ երկու աթոռի վրա նստել»,- նշել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել Եվրասիական տնտեսական միությունում, և այսօր իր դրական ներդրումն է ունենում եվրասիական ինտեգրման գործում։
«Մեր կողմից, իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին: Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա, համապատասխանաբար, անհրաժեշտ կլինի վերանայել այս երկրի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը և, ցավոք, դա կարտահայտվի Հայաստանում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչը, իհարկե, մենք այնքան էլ չէինք ցանկանա»,- ընդգծել է փոխվարչապետը։