
Իրավապահ մարմինները ներգրավված են Գյումրիում ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու հարցում․ հայտարարություն
Արձանագրում ենք Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին իրավապահ մարմինների ներգրավածությունը՝ ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու նպատակով. ասված է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի և «Հայաքվե» դիտորդական առաքելության համատեղ հայտարարության տեքստում։
«Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից:
«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, ինչի արդյունքում վերջինս ստիպված է եղել ընդհատել նախընտրական քարոզչությունը Գյումրիում և մեկնել Երևան:
Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները խուզարկություն են սկսել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրասենյակում և թեկնածուի՝ Արա Ոսկանյանի բնակարանում, գրասենյակի աշխատակիցներ են բերման ենթարվել Երևան և փաստաբանի մուտքը խոչընդոտում են վստահորդի մոտ։ Ընդգծենք, որ այս ուժն այսօր՝ մարտի 27-ին, նախատեսել էր աջակիների հավաք՝ նախընտրական քարոզչության շրջանակներում:
Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի գրասենյակներում։
Բացի այդ, ըստ մամուլի և քաղաքացիների ահազանգերի՝ ոստիկանության բաժիններ են հրավիրվում ընդդիրմադիր թեկնածուների աջակիցները:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանի եղբայր, Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետն է, ով իր հերթին համակարգում է ընդդիրմադիր ուժերի թեկնածուների և աջակիցների նկատմամբ ճնշումները։
ՀՀ-ում ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
Եթե անգամ իրավապահ մարմինները հայտնաբերում են հանցագործության հատկանիշներ, նրանց միջամտությունը չպետք է պարունակի պատժիչ տարրեր և ներազդի կամ սահմանափակի ընտրություններին մասնակցող ուժի կամ գործչի քարոզչության վրա:
Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների բիրտ գործողություններն ու միջամտություններն ունենում են ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ հակաքարոզչական ազդեցություն՝ ներազդելով քաղաքացիների հիմնարար ընտրական իրավունքի իրականացման վրա»: