
Հույս ունեմ, որ այս անիծյալ շղթան կկտրվի հենց Գյումրիում․ Արթուր Խաչատրյան
«Հայաստան» դաշինքը կոչ է անում Գյումրիում չքվեարկել Նիկոլ Փաշինյանի և Նիկոլ Փաշինյանի արբանյակների օգտին․ խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ խմբակցությունը կոչ է անում գյումրեցիներին առաջնորդվել իրենց կամքի, խղճի, մտքի թելադրանքով, չտրվել այդ սպառնալիքներին, և հենց Գյումրիում կոտրել այն վախի մթնոլորտը, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում՝ հատկապես տեղական ինքնակառավարման ընտրությունների նախաշեմին և դրանից հետո։
«Այս կեղծիքները, որ տարածում են, դրանց էլ, իհարկե, չհավատալ, որովհետև ի՞նչ է ստացվում, ով այս իշխանություններին դեմ է, հանկարծ դարձավ հանցագործ։ Այդ ո՞նց այդպես եղավ։ Նույն Գյումրիում տեսեք՝ ինչ տեղի ունեցավ, հետո Վանաձորում, Բերդում, Վարդենիսում, Թալինում, և ես հույս ունեմ, որ այս անիծյալ շղթան կկտրվի հենց Գյումրիում»-նշել է պատգամավորը։