16 Ապր
2025
7.1° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքականության մեջ կա մրցակցություն, ոչ թե թշնամություն․ Էրդողան

Քաղաքականության մեջ կա մրցակցություն, ոչ թե թշնամություն․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը դարձել է մարգինալ կազմակերպություն՝ խոչընդոտելով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ գործի հետաքննությանը և փողոցային ահաբեկչության քաղաքականություն վարելով։

«Քաղաքականության մեջ կա մրցակցություն, ոչ թե թշնամություն: Քաղաքականության մեջ փողոցային ահաբեկչության և վանդալիզմի տեղ չկա»,- հայտարարել է Էրդողանն Անկարայում՝ իր ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Էրդողանի՝ ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելը կոռուպցիայի հետաքննությանը նպաստելու փոխարեն խոչընդոտում է դրան և «փորձում է կոծկել Ստամբուլում տեղակայված հանցավոր կազմակերպությունները»։ Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ «Իմամօղլուի գործով» Արևմուտքի աջակցությունն ապահովելու ընդդիմության փորձերը ձախողվել են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը դատական հայց է ներկայացրել Օզելի դեմ, ով նրան անվանել է «խունտայի առաջնորդ»։ Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդինի խոսքով՝ հայցը պարունակում է վիրավորանքների համար 500 հազար լիրա (մոտ 13,1 հազար դոլար) բարոյական վնասի փոխհատուցման պահանջ։ Ապրիլի 6-ին Օզելը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում։ Իր ելույթի ժամանակ քաղաքական գործիչը Էրդողանին և նրա կառավարությանը համեմատել է պուտչիստների հետ և նրանց անվանել «երկիրը գրաված խունտա»։

Իմամօղլուն կալանավորվել էր մարտի 19-ին կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով և ձերբակալվել մարտի 23-ին՝ կոռուպցիոն գործով դատարանի որոշմամբ։ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայում բողոքի ալիք է բարձրացել։ Ամենամեծ ցույցերը կազմակերպվել են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։

Ռազմագերիներ