
Չինական որոշ ըներություններ կրճատել են աշխատանքային ժամերը
Չինական մի քանի խոշոր ընկերություններ այս տարի փոփոխություններ են կատարել անձնակազմի աշխատանքային պայմանների մեջ․ ներմուծվել են աշխատանքից տուն գնալու պարտադիր ժամեր և աշխատանքային ժամերից հետո հանդիպումներ անցկացնելու արգելք․ գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ կենցաղային տեխնիկա արտադրող Midea ընկերության անձնակազմը նախկինում աշխատում էր մինչև ուշ երեկո, սակայն նոր պայմաններում նրանք պետք է հեռանան մինչև երեկոյան 18:20-ը:
Չինաստանում սա համարվում է արմատական փոփոխություն, որը կտրուկ հակադրվում է «996»-ին՝ շաբաթական վեց օր առավոտյան 9-ից մինչև երեկոյան 9-ը աշխատելու պրակտիկային:
Այլ ընկերություններ, թեկուզ ոչ նույնքան կտրուկ, սակայն նույնպես փոփոխություններ են կատարել։ Կենցաղային տեխնիկա արտադրող Haier ընկերությունում ներդրվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ: Անօդաչու թռչող սարքերի աշխարհի խոշորագույն արտադրող DJI ընկերությունը հայտարարել է, որ իր գրասենյակները պետք է ազատվեն մինչև երեկոյան ժամը 9-ը:
«Այլևս չեմ անհանգստանա, որ բաց կթողնեմ վերջին մետրոն։ Այլևս չեմ անհանգստանա այն մասին, որ կնոջս կարթնացնեմ, երբ տուն վերադառնամ», – հայտնում է DJI-ի աշխատակիցներից մեկը, ով ասում է, որ հաճախ է աշխատել կեսգիշերից անց: