
Իրանը սպառնում է վտարել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին
Իրանը կդադարեցնի համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ և երկրից կվտարի գործակալության բոլոր տեսուչներին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն սպառնալ Իսլամական Հանրապետությանը ռազմական ուժով․ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։
«Իրանի վրա շարունակվող արտաքին սպառնալիքները և ռազմական հարձակման փորձերը կարող են հանգեցնել կանխարգելիչ միջոցների կիրառմանը, ինչպիսիք են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների վտարումը և նրա հետ համագործակցության դադարեցումը: Մեկ այլ միջոց կարող է լինել հարստացված (ուրանի) տեղափոխումը Իրանի ներսում անվտանգ և անհայտ վայրեր», – գրել է նա X-ում: