
Այս պահին առաջնագծում կուտակումներ չկան, իսկ հնչող կրակոցներն անհասցե ու ոչ նշանառու են. պաշտպանության փոխնախարար
Մենք աշխատում ու տեղեկատվությունը տալիս ենք հնարավորինս արագ ու օբյեկտիվ։ Այս պահին սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, ձեր կողմից մատնանշվող կրակոցները, որոնք երբեմն լինում են, ոչ նշանառու և անհասցե կրակոցներ են, սակավաթիվ են․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Նա նշել է, որ իր ու իրենց լրատվական ծառայության տրամադրած տեղեկության միջև որևէ հակասություն չկա։
Հարցին՝ կուտակումներ կա՞ն սահմանին՝ փոխնախարարը պատասխանել է.«Եթե մեր տրամադրած տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, իսկ դուք հավատալու եք տեսանյութերին, ապա, կարծում եմ, որ ինձնից բան չպետք է հարցնեք։ Զինված ուժերը իրենց լիազորությունների և պարտականությունների շրջանակներում կատարում են իրենց աշխատանքը։ Առաջնահերթ խնդիրը անվտանգությունն է։ Այս պահին առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է, և որևէ խնդիր ծագելու պարագայում մենք անմիջապես կտրամադրենք տեղեկատվություն»։
Իսկ ինչ վերաբերում է հայ-իրանական զորավարժություններին, ապա փոխնախարարի խոսքով՝ այդ մասով տրվել է համապատասխան տեղեկատվություն։
Իսկ մինչ Արմեն Սարգսյանը պատասխանում էր լրագրողների հարցերին և հստակ նշում, որ այս պահին սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Տուժածներ չկան։