16 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ԱԳ նախարարը կայցելի ՌԴ՝ քննարկելու Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները

Իրանի ԱԳ նախարարը կայցելի ՌԴ՝ քննարկելու Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շաբաթվա վերջին նախապես ծրագրված այցով կմեկնի Մոսկվա, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի Թեհրանի և Վաշինգտոնի միջև անցած շաբաթ օրը Օմանի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունները։

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Օմանում իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների փաստը և ակնկալում է կոնկրետ արդյունք ապագայում։

Ավելի վաղ Axios հարթակը հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 19-ին Հռոմում։ Միևնույն ժամանակ՝ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեն աջակցել է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի վավերացմանը, РИА Новости-ին հայտնել է խորհրդարանի աղբյուրը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ։

Ըստ փաստաթղթի՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտում, սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական գործընկերությանը։

Ռազմագերիներ