
Ֆրանսիան մտահոգություն է հայտնել, իսկ Ադրբեջանը պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ հայտարարությանը
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարել է, որ շատ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությամբ։
«Հուսով եմ, որ տեղում տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա վերահսկել և զսպել այդ լարվածությունը», – նշել է ԱԳ նախարարը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանը։ Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը և նրա երկարամյա հակաադրբեջանական դիրքորոշումը, չեն ծառայում խաղաղությանը և չեն համընկնում ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի՝ տարածաշրջանում լարվածության առաջացման վերաբերյալ արտահայտած մտահոգությունների հետ»։
Հիշեցնենք, որ ինքը Ալիևն օրեր առաջ հայտարել է․ «2023 թվականի սեպտեմբերյան հակաահաբեկչական գործողությունից հետո այն, ինչ մենք անում ենք մեր ռազմական ներուժն ուժեղացնելու համար, միանգամայն պարզ է»։
Բաքուն միլիարդավոր դոլարների հարձակողական զենք է գնում Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից և այլ երկրներից։ Բացի այդ՝ Ադրբեջանն անօրինական կերպով օկուպացրել է 200 քառ. կմ Հայաստանի տարածքից և այնտեղ իրականացնում մեծածավալ ինժեներական աշխատանքներ։ Բաքուն նաև հավակնություններ է ներկայցնում ՀՀ այլ տարածքների նկատմամբ, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»։