16 Ապր
2025
8.4° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թաթոյան հիմնադրամը Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների փաստական վկայությունների մասին զեկույց է հրապարակել

Թաթոյան հիմնադրամը Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների փաստական վկայությունների մասին զեկույց է հրապարակել

Թաթոյան հիմնադրամը հրապարակել է զեկույց Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ․ տեղեկանում ենք ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։

«Հրապարակում ենք մեր հերթական զեկույցը Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ։

Զեկույցի նախապատրաստական փուլում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, որոնք ներառում են առանձնազրույցներ Արցախից բռնի տեղահանված անձանց, Պաշտպանության բանակի ծառայողների հետ։ Ուսումնասիրվել են նույն հարցերի վերաբերյալ տեսանյութեր և այլ օբյեկտիվ ապացույցներ:

Զեկույցը ներառում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում սկսված զինված հարձակումների մանրամասն վերլուծությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակչության, ենթակառուցվածքների ու մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված հանցագործությունները։ Զեկույցում ներկայացված են ադրբեջանական հարձակումները Արցախի խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների՝ դպրոցների, հիվանդանոցների, քաղաքացիական տների նկատմամբ։

Զեկույցը ներառում է նաև Արցախի բնակչության բռնի տեղահանումը հաստատող փաստեր, ինչպես նաև ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության ավերումն ու պղծումը՝ պատմամշակութային արժեքների, եկեղեցիների և խաչքարերի ոչնչացումը։

Այս զեկույցը պատրաստվել է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի աջակցությամբ։

Այն ներկայացվել է միջազգային կազմակերպություններին 2024 թվականին և ներկայում հրապարակվում է հանրության համար։ Հրապարակումից անմիջապես հետո զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև զեկույցում տեղ գտած փաստերի հիման վրա կձեռնարկվեն համապատասխան քայլեր», – գրել է Թաթոյանը։

Ռազմագերիներ