
Իրանի հետ բանակցություններից առաջ Վիտկովը կհանդիպի Իսրայելի հետախուզության ղեկավարի հետ
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը ապրիլի 18-ին Փարիզում կհանդիպի իսրայելական Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեայի և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ՝ Իրանի հետ բանակցություններից առաջ․ հայտնել է Axios տեղեկատվական հարթակի թղթակից Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով Իսրայելի աղբյուրները։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իր հերթին, հույս է հայտնել, որ Իրանի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն և կհանգեցնեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը։
Ապրիլի 17-ին ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Հռոմում։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Տեքստում նշվել էր, որ Նեթանյահուն «ղեկավարել է անհամար բացահայտ և գաղտնի գործողություններ», որոնք երաշխավորել են, որ Իրանը այսօր միջուկային կարողություն չունի:
Անցյալ շաբաթ Մուսկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև՝ Օմանի միջնորդությամբ՝ լուծելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:
Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը։ Օմանում կայացած բանակցությունները նշանավորել են 2022 թվականից ի վեր երկու երկրների պաշտոնյաների միջև առաջին բարձր մակարդակի շփումները: Դրանք նպատակ ունեն լուծելու իրանական միջուկային ծրագրի հետ կապված վաղեմի հակասությունները: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ուժ կիրառել, եթե Իսլամական Հանրապետությունը հրաժարվի ընդունել գործարքը։