
Ստամբուլի քաղաքապետի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Գերմանիան արգելափակում է կործանիչների վաճառքը Թուրքիային
Գերմանիայի կառավարությունը արգելափակում է մոտ երեք տասնյակ Eurofighter կործանիչների մատակարարումը Թուրքիային՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետ կապված իրավիճակի պատճառով․ հաղորդում է Handelsblatt պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին,
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ Գերմանիայի կառավարությունում Իմամօղլուի ձերբակալությունը դիտվում է որպես արտահանման լիցենզիայի մերժման կարևոր պատճառ։
Իմամօղլուի ձերբակալության համատեքստում Գերմանիայի պետական շրջանակներում խոսվում է «թուրքական ժողովրդավարության դեմ հարձակման» մասին։
Վերջին տարիներին Գերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը անձամբ է փորձել ցրել մտահոգությունները Eurofighter կործանիչների՝ Թուրքիային արտահանման վերաբերյալ։
Էրդողանի հետ ունեցած գաղտնի բանակցությունների ընթացքում նշանակալի առաջընթաց է գրանցվել, և հաստատման գործընթացը «հաջողությամբ առաջ էր շարժվում»։
Սակայն Իմամօղլուի դեմ ուղղված Թուրքիայի նախագահի գործողությունները խափանել են այդ նախաձեռնությունները, ամփոփում է պարբերականը։
Eurofighter-ը Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության համատեղ նախագիծ է։ Ինքնաթիռները կառուցվում են համատեղ ուժերով, և այդ իսկ պատճառով արտահանման համար անհրաժեշտ է Գերմանիայի կառավարության համաձայնությունը, որի բացակայությունը հավասարազոր է վետոյի։