
Գաղտնի քվեարկություն, Կոնկլավ և ծուխ․ ի՞նչ ընթացակարգով է ընտրվում Հռոմի պապը
Մահացել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը: Վերհիշենք, թե ինչ կարգով է ընտրվելու նոր պապ:
Հռոմի պապի ընտրության կարգը հնագույն արարողություն է՝ լի խորհրդավորությամբ ու ծեսերով: Ընտրական գործընթացը կոչվում է Կոնկլավ։
Պապի մահից կամ հրաժարականից հետո Սուրբ Աթոռի գործերը ժամանակավորապես անցնում են կարդինալների ժողովին։ Այդ շրջանում արգելվում է ցանկացած կարևոր որոշում կամ նշանակում, մինչև նոր պապի ընտրությունը։
Ովքե՞ր են ընտրողները
Կոնկլավին մասնակցում են 80 տարեկանից ցածր բոլոր կարդինալները։ Նրանց թիվը սովորաբար կազմում է շուրջ 120։ Կարդինալները հավաքվում են Վատիկանում՝ Սիքստինյան մատուռում, որտեղ ընթանում է ընտրության ողջ գործընթացը։
Գաղտնի քվեարկություն
Կարդինալները մեկուսացվում են արտաքին աշխարհից։ Նրանք չեն կարող օգտագործել հեռախոսներ, ինտերնետ կամ որևէ այլ կապի միջոց։ Ընտրությունն ընթանում է գաղտնի քվեարկությամբ՝ օրը երկու անգամ՝ առավոտյան և կեսօրից հետո։
Նոր պապ ընտրվում է, եթե թեկնածուն ստանում է քվեարկողների երկու երրորդից ավելի ձայն։
Ծուխ
Յուրաքանչյուր քվեարկությունից հետո քվեաթերթիկները այրվում են: Եթե նոր պապ չի ընտրվել, մատուռի բուխարից դուրս է գալիս սև ծուխ, իսկ եթե ընտրվել է՝ սպիտակ ծուխ։
Սպիտակ ծուխն ազդարարում է աշխարհին, որ Կաթոլիկ եկեղեցին ունի նոր առաջնորդ։
«Habemus Papam»՝ ունենք պապ
Նոր պապի անունը պաշտոնապես հայտարարվում է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից՝ ավանդական արտահայտությամբ՝ «Habemus Papam» («Ունենք պապ»): Այնուհետև նոր պապը ներկայանում է ժողովրդին և տալիս իր առաջին օրհնությունը։