
Նորվեգիան և Իսլանդիան մտածում են ԵՄ-ին անդամակցելու մասին, իսկ Կանադան տեսականորեն ևս կարող է միությանը միանալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային մաքսատուրքերը և Գրենլանդիան միացնելու սպառնալիքները Նորվեգիային և Իսլանդիային ստիպել են մտածել Եվրամիությանն անդամակցելու մասին. գրել է ֆրանսիական Le Figaro թերթը։
Նորվեգիան և Իսլանդիան Շենգենյան և Եվրոպական տնտեսական տարածքների մաս են և կիրառում են միասնական շուկայի կանոնները, սակայն չունեն ձայնի իրավունք։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է մտցրել, նորվեգացի որոշ քաղաքական գործիչներ այլևս բավարարված չեն անորոշությամբ։ «Նորվեգիային պետք է Եվրոպան, իսկ Եվրոպային՝ Նորվեգիան»,- ավելի վաղ հայտարարել էր երկրի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։
Պահպանողական ընդդիմության առաջնորդ Էդնա Սոլբերգը, ով կարող է իշխանության գալ սեպտեմբերին կայանալիք ընտրություններից հետո, նույնպես հանդես է եկել ԵՄ-ին երկրի անդամակցության օգտին։
Նորվեգիան նախկինում արդեն երկու անգամ հրաժարվել է Եվրամիությանն անդամակցելուց՝ 1972 և 1984 թվականների հանրաքվեներից հետո: Le Figaro-ի տվյալներով՝ սկանդինավյան երկրի բնակչության 43%-ը դեռ չի պաշտպանում նման նախաձեռնությունը, իսկ 37%-ը կողմ է։
Իր հերթին՝ Իսլանդիան հետ է կանչել ԵՄ-ին անդամակցելու իր հայտը ավելի քան 10 տարի առաջ, սակայն իշխող կոալիցիան նախատեսում է նոր հանրաքվե անցկացնել 2027 թվականին։ Իսլանդիայի բնակչության 45%-ը կողմ է ԵՄ-ին միանալուն, իսկ 35%-ը՝ դեմ։
Politico-ն, իր հերթին, վկայակոչելով փորձագետներին, հայտնել է, որ Կանադայի մուտքը Եվրամիություն քիչ հավանական է, բայց՝ հնարավոր։
Կանադական Abacus Data հետազոտական ընկերության կողմից մարտին հրապարակված հարցման համաձայն՝ կանադացիների 44%-ը կողմ է երկրի մուտքին ԵՄ, իսկ 34%-ը դեմ է դրան։ Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պաուլա Պինյոն, ում խոսքերը մեջբերում է հրատարակությունը, նշել է, որ Եվրամիությանն անդամակցելու համար կարող են դիմել միայն եվրոպական երկրները։