
Նեթանյահուն և Ալիևը կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ողջ սպեկտրը․ Israel Hayom
Սպասվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շուտով պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, գրել է Israel Hayom-ը։ Թեև ուղևորության ճշգրիտ ամսաթիվը դեռևս պետք է վերջնականապես ճշտվի, այն կկայանա մոտ ապագայում: Նախատեսվում է, որ Նեթանյահուն Բաքվում կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևին։
Այցը հաջորդում է երկու շաբաթ առաջ Բաքվում կայացած «տեխնիկական բանակցություններին», որոնք տեղի են ունեցել իսրայելական և թուրքական բարձրաստիճան պատվիրակությունների միջև և ուղղված են եղել Սիրիայի տարածքում երկու երկրների միջև ռազմական բախումների կանխմանը: Նախագահ Ալիևը վերջերս առանձին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նոր կառավարիչ Ահմադ ալ-Շարաայի (ալ-Ջուլանիի) հետ։ Նեթանյահուի այցը թվում է դրա բնական շարունակությունը։
Սպասվում է, որ բացի թուրք-սիրիական խնդրից, Նեթանյահուն և Ալիևը կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ողջ սպեկտրը։ Իսրայելը և Ադրբեջանը պահպանում են ռազմավարական կապեր՝ ներառյալ նավթի և դրա ածանցյալների մատակարարումն Իսրայելին։ Բացի այդ՝ Ադրբեջանը սահման ունի Իրանի հետ, և երկու հարևանների հարաբերությունները շարունակում են մնալ խիստ լարված։Իսրայելն Ադրբեջանին վաճառում է առաջադեմ սպառազինության համակարգեր։ Օրերս Ադրբեջան էր այցելել Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը և ստորագրել համագործակցության համաձայնագրեր։ Նեթանյահուի վերջին այցը Բաքու տեղի է ունեցել 2016թ-ին։