24 Ապր
2025
10.1° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զիջումը երբեք չի կարող քաղաքականություն լինել, զիջման վերջն ինքնասպանությունն է․ Հրանտ Մարգարյան

Զիջումը երբեք չի կարող քաղաքականություն լինել, զիջման վերջն ինքնասպանությունն է․ Հրանտ Մարգարյան

Այս իշխանությունն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը, որովհետև իրենք ոչ միայն պատերազմում են պարտվել, նրանք պարտվել են իրենք իրենց, հոգեբանորեն են պարտվել, իբրև մարդ են պարտվել, այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն գին վճարելու, որոնց համար պատրաստ լինեն ճիգ թափել, պայքարել․ այս մասին հայտարարել է դաշնակցական Հրանտ Մարգարյանն՝ անդրադառնալով Հայաստանի գործող իշխանության արտաքին քաղաքականությանը։

«Իրենք վերջացել են, պարտությունը իրենց միս ու ոսկորի վրա է ազդել, իրենց ամբողջ էության վրա է ազդել, պատերազմում պարտվելը այդքան սարսափելի չէ, եթե մարդը կարողանում է դիմանալ, մարդը կարողանում է դիմացկուն լինել, մարդը կարողանում է ոտքի կանգնել։ Իսկ եթե չի փորձում ոտքի կանգնել, դա նշանակում է ինքը անպետք է արդեն»,-ասել է նա։

Դաշնակցական գործիչը նշել է, որ պետությունն անցած 25 տարում հետամուտ է եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, բայց դա եղել է նաև հիմնականում սփյուռքյան ազգային կուսակցությունների պայքար։

«Երբեք չի եղել համընդհանուր պայքար։ Ես ցավով եմ ասում դա, որովհետև մեր պետականությունը, այսպես ասած, անկախ, ազգային պետականություն չի եղել։ Գուցե հիմա էլ նույն վիճակի մեջ ենք։ Ես սա ողբերգություն չեմ համարում։ Կարծում եմ, որ այստեղ էլ փոփոխություն տեղի կունենա, էլի կգա մեկ ժամանակ,
որ ամբողջ ազգը մեկ մարդու պես հետամուտ կլինի հայկական ցեղասպանության միջազգային ճանաչման և իր իրավունքների վերականգնման։ Օրինակ՝ Արցախի դեպքում Նիկոլ Փաշինյանն ասում էր նշաձողի իջեցումը կարող է փրկել, բայց նշաձողի իջեցումը էլ չփրկեց։ Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային օրակարգից է դուրս բերվում, քանի որ այս իշխանությունները նշում են, որ իրենց օրակարգում միջազգային ճանաչման հարցը չկա։ Գիտեք, զիջումը երբեք չի կարող քաղաքականություն լինել։ Զիջումը, եթե շարունակական քաղաքականություն է լինում, վերջանում է ինքնասպանությամբ։ Երբ նշաձող էին իջեցնում, մենք էլի դրան դեմ էինք։ Մենք նորից ասում էինք, որ սա ճիշտ ճանապարհ չի, ոչ թե որ մենք զիջումների ընդհանրապես կողմ չէինք, մենք ասում էինք զիջումները պիտի լինեն փոխադարձ, միաժամանակյա, համաչափ։ Երբ դու միակողմանի զիջումների ես գնում, երբ շարունակաբար ես գնում միակողմանի զիջումների, դա վերջանում է ինքնասպանությամբ»,-ասել է Մարգարյանը։

Ռազմագերիներ