
Ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում՝ ինչ-որ բան զիջել-տալ, ինչը ուղղակի մաշեցնող երևույթ է մեր ժողովրդի համար․ Ռոբերտ Քոչարյան
Պատերազմի ժամանակ կրել ենք ծանր պարտություն, և այս իշխանությունն այդ պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում՝ ինչ-որ բան զիջել-տալ, ինչը ուղղակի մաշեցնող երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե նաև այս ֆոնին Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ-շատերի համար։
Անդրադառնալով ՀՀ՝ իշխանության կողմից Հայաստանի Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին արված հայտարարություններին, նախագահ Քոչարյանը ասաց․
«Այդ ուղղությամբ ջանքերը, Ցեղասպանության ուրացումը բերելու են նրան, որ ուրացվելու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել, իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից»։
Երկրորդ նախագահը անդրադարձավ նաև Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշն այրելու վերաբերյալ իշխանության մեղադրանքներին․
«Ես ձեզ հիշեցնեմ, որ 2015 թվականին ՌԴ դեսպանատան մոտ ՌԴ դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել այն մարդիկ, ովքեր զբաղեցնում են այսօր երկրում բարձրագույն պաշտոններ՝ ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ և այլ և այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի է, հարց է առաջանում՝ կրկնակի ստանդարտները Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ կիրառելի՞ են, թե՝ ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու»։