
Մոլդովայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է գրանցվել
Մոլդովայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է գրանցվել, հայտնում է մոլդովական Point պարբերականը։
«110 տարի առաջ այս օրը՝ 1915 թվականին, Օսմանյան կայսրության տարածքում սկսվեցին մի շարք ողբերգական իրադարձություններ, որոնց արդյունքում զոհվեց ավելի քան մեկուկես միլիոն հայ, որը պատմաբանները, փորձագետները բնութագրեցին և բազմաթիվ երկրներ ճանաչեցին որպես Հայոց ցեղասպանություն։
Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի նախկին ղեկավար Հայկ Վարդանյանը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» ճանաչելու և դատապարտելու մասին օրինագիծ է գրանցել։
Նմանատիպ նախագծեր տասնամյակների ընթացքում արդեն ընդունվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ «մեծ յոթնյակի» յոթ երկրներից վեցում, ինչպես նաև ԵՄ երկրների մեծամասնությունում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում» – գրում է պարբերականը։
Խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատգամավոր Հայկ Վարդանյանը նշեց, որ «այս նախագիծը քաղաքական չէ, այլ նպաստում է, որպեսզի Մոլդովան կանգնի այն երկրների շարքում, որոնք արժևորում են մարդկային արժանապատվությունը, միջէթնիկական հանդուրժողականությունը և ներդաշնակությունը, մարդու իրավունքները և պատմական արդարությունը»։
Նա նաև նշեց, որ «ներկայիս խորհրդարանը, որի մանդատն ավարտվում է մի քանի ամսից, կարող էր այն ավարտել մաժորային նոտայով՝ քվեարկելով այդքան արդար և կարևոր նախագիծ, հատկապես երկրի համար, որը թեկնածու է Եվրոպական Միությանը»։
Հայկական համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը նշեց. «Ուրախ եմ ապրել մի երկրում, որտեղ կարող եմ ազատորեն խոսել անցյալի ողբերգական էջերի, իմ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների մասին։ Ուրախ եմ, որ չկան խոչընդոտներ խոսելու այդ մասին՝ պահպանելով իմ մշակույթը, հավատքն ու լեզուն։ Շատերը հարցնում են, թե ինչ էր դա (Հայոց ցեղասպանությունը)։ Այս մարդիկ զենք չեն կրել իրենց ձեռքերում և չեն պատերազմել ինչ-որ տարածքային շահերի համար։ Նրանք ապրում էին իրենց տներում՝ չմտածելով, որ կգա այն օրը, երբ նրանց կհանեն իրենց տներից։ Տուժել է մեկ ու կես միլիոն մարդ, որոնց թվում շատ կանայք և երեխաներ։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, և դատապարտում ենք, որպեսզի նման բան երբեք չկրկնվի»։
Մոլդովայի հայերի երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Գասպարյանը հայտարարեց. «Մոլդովայի Հանրապետության եվրոպական կուրսի համատեքստում նման ճանաչումը կցուցադրեր ոչ միայն եվրոպական արժեքներին՝ ճշմարտությանը, մարդու իրավունքներին և պատմական հիշողությանը հավատարմությունը, այլև մեր պետության ժողովրդավարական հասունությունը։ Սա խորհրդանշական քայլ է, բայց չափազանց կարևոր՝ դեպի այն Մոլդովան, որը հարգում է բազմակարծությունը, դատապարտում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և ստանձնում է ակտիվ դեր խաղաղության և արդարության առաջմղման գործում։ Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնար արժանապատվության և համերաշխության ակտ՝ անցյալի, պատմության, օտար տառապանքների հետ։ Այս քայլը չի մեղադրում, չի դատապարտում, չի վերաշարադրում պատմությունը։ Այն պարզապես ասում է ճշմարտությունը և վերականգնում է արդարությունը նրանց հիշատակի նկատմամբ, ում սպանել են միայն այն բանի համար, որ նրանք հայեր էին»։