
Ներքաղաքական համատեքստ չկա․ Զախարովան Գյումրիում ՌԴ հյուպատոսի և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման մասին
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի հանդիպումը «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների հետ ռուսական արտաքին առաքելությունների ղեկավարների աշխատանքի անբաժանելի մասն է, և դրանում ներքաղաքական որևէ ենթատեքստ չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ 2025 թվականի փետրվարի վերջին այս պաշտոնում նշանակված Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովն այցելել էր «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակ։ Հանդիպման ընթացքում հյուպատոսը հանդիպել էր տեղի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի հետ։
«Հանդիպումը մեր արտասահմանյան առաքելությունների ղեկավարների ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասն է։ Ռուս դիվանագետները շփվում են տվյալ երկրի քաղաքական ուժերի ողջ սպեկտրի ներկայացուցիչների հետ՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններն առաջ մղելու նպատակով», – նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ քննարկվել են հյուպատոսական շրջանի մունիցիպալիտետների և ռուս գործընկերների միջև մշակութային կապերի զարգացման հարցերը։ «Ես տեսել եմ այս թեմայով տարբեր հրապարակումներ՝ ինչ-որ ներքաղաքական համատեքստի մասին։ Այստեղ ներքաղաքական համատեքստ անկասկած չկա։ Ամեն ինչ բաց է և լիովին համապատասխանում է արտասահմանյան հաստատություն բացելու նպատակներին և խնդիրներին», – եզրափակել է Զախարովան։