
Ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Փաշինյանին չի հաջողվի խանգարել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ Արա Աբրահամյան
Ապրիլի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Ցեղասպանություն. Հիշողություն և կանխարգելում. Ժամանակակից մարտահրավերներ» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր Ռուսաստանի հայերի միության կողմից՝ Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ:
«Ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Փաշինյանին չի հաջողվի խանգարել մեզ լուծել մեզ միավորող հիմնական հարցերից մեկը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»,- իր ելույթում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի իշխանություններն ավելի հեռու են գնացել, քան Թուրքիան։
«Նրանք մեկ կասկածի տակ են դնում Ցեղասպանության փաստը, որը երկրի Սահմանադրության խախտում է, մեկ առաջարկում են վերահաշվարկել սպանված հայերի թիվը։ Մեկ տարի առաջ մենք վրդովված էինք, որ Հայաստանի վարչապետը իր ելույթում խուսափել է ցեղասպանությունը ցեղասպանություն անվանելուց՝ փորձելով օգտագործել «եղեռն», «կոտորած» բառը։ Որ արտասահմանյան պաշտոնական պատվիրակությունների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու պարտադիր կետը հանկարծ անհետանում է պետական արարողակարգից։ Որ իշխող կուսակցության պատգամավորները ցինիկաբար կոչ են անում կազմել ցեղասպանության զոհերի անունների ցուցակ, փոխարենը՝ հանրությանը ներկայացնելու ներկայիս պատերազմի զոհերի ցուցակը, որը հրահրվել և անփույթ կերպով կորցրել է ներկայիս կառավարությունը։ Նրանք կոչ են անում «ուսումնասիրել արխիվները՝ հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել 1915 թվականին»։ Ի՞նչ արխիվներ։ Այն արխիվները, որոնք պարբերաբար մաքրվու՞մ են Թուրքիայում։ Եվ այսօր պետության ղեկավարն ինքը, Շվեյցարիայի սփյուռքի առջև խոսելով, ցինիկաբար կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստն՝ այդպիսով խախտելով և՛ Շվեյցարիայի, և՛ Հայաստանի օրենքները։ Ես կարծում եմ, որ Շվեյցարիայի և այլ երկրների օրինակին հետևելով՝ ժամանակն է, որ Հայաստանն ինքն ընդունի օրենք՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատժի մասին։ Ինչպես նաև մեր ժողովրդի բարոյական և տեղեկատվական ցեղասպանության համար։ Այսօր Երևանի Ցեղասպանության թանգարանի արխիվներն արդեն սպառնալիքի տակ են», – նշել է Աբրահամյանը։