25 Ապր
2025
9.4° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վատիկանի համալսարանը մեղադրվում է հայ քրիստոնյաներին ոչնչացնելու Ադրբեջանի ջանքերը օրինականացնելու համար․ The Christian Post

Վատիկանի համալսարանը մեղադրվում է հայ քրիստոնյաներին ոչնչացնելու Ադրբեջանի ջանքերը օրինականացնելու համար․ The Christian Post

Հավատքի առաջնորդները և իրավապաշտպան խմբերը դատապարտել են Վատիկանի համալսարանի որոշումը՝ հյուրընկալել Ադրբեջանի պետական հովանավորությամբ համաժողով՝ պնդելով, որ միջոցառումը հարթակ է առաջարկել ադրբեջանցի պատմական ռևիզիոնիստներին, որոնք փորձում են ջնջել հայկական պատմությունը «երկու երկրների միջև վիճելի տարածքներից». գրել է The Christian Post-ը։

Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան թեմի արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանը կարծում է, որ «Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» միջոցառման պատճառը փողն է։

Կոնֆերանսին, որը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում, ելույթ են ունեցել բանախոսներ Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Լիտվայից:

Անցյալ շաբաթ The Pillar- ին տված հայտարարության մեջ Այքազյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Վատիկանի նախագծերի ֆինանսավորումն ազդել է Հայաստանի հետ երկրի շարունակական հակամարտության նկատմամբ նրա մոտեցման վրա: Արքեպիսկոպոսի խոսքով՝ որոշ կարդինալներ և Վատիկանի պաշտոնյաներ ֆինանսավորում են ստացել Ադրբեջանից։

The Christian Post-ի հարցմանն ի պատասխան՝ Հայրապետական Գրիգորյան համալսարանի խոսնակն ընդգծել է, որ հաստատությունը ներգրավված չի եղել միջոցառման կազմակերպման մեջ, ոչ էլ «հովանավորություն կամ համագործակցություն է տվել»:

«Դրա անցկացումը այս վայրում պայմանավորված էր զուտ լսարանի վարձակալությամբ»։
Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնն անմիջապես չի արձագանքել The Christian Post-ի մեկնաբանության խնդրանքին:

Ըստ The Pillar-ի՝ միջոցառման գովազդային նյութերը ներառում էին «արևմտյան Ասիայի պատմության հստակ ադրբեջանական ընթերցումներ», ինչպես օրինակ՝ Դադիվանքի միջնադարյան հայկական վանքի ցուցադրությունը: Ցուցադրության մեջ ներառված էր Ադրբեջանի կառավարության պնդումը, թե հայկական վանքը պատկանում է «կովկասյան ալբանական» մշակույթին։
Այս ամսվա սկզբին Artsakh Monument Watch-ի դիտորդական խումբը, որը անկախ ակադեմիական հարթակ է, հավելյալ մտահոգություն է հայտնել համաժողովի վերաբերյալ՝ պնդելով, որ կազմակերպիչները միջոցառումը կազմակերպել են գաղտնի:
«Ադրբեջանական կողմը համաժողովի մասին տեղեկատվությունը հույժ գաղտնի է պահել և հրապարակել այն դրա աշխատանքների մեկնարկից 1-2 օր առաջ։ Համաժողովի մուտքը նույնպես փակ է եղել», – գրել է Artsakh Monument Watch-ն իր կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Համաժողովի մի քանի մասնակիցներ ադրբեջանական քարոզչությունը տարածելու պատմություն ունեն՝ ըստ դիտորդական կազմակերպության: Համաժողովի մասնակիցներից մեկը ռուս հոգևորական վարդապետ Ալեքսին է (Անդրեյ Վ. Նիկոնորով):
Ինչպես նշվել է, հոգևորականն աչքի է ընկել հակահայկական հայտարարություններ անելով, այն էլ՝ ներկայանալով որպես գիտնական։

«Պատմության մեջ «բանիմաց» ռուս հոգևորականը, ով պաշտպանում է նաև ուղղափառության շահերը, կարծես թե, նորմալ է համարում Շուշիի հայկական եկեղեցիների ուղղափառ հռչակումը, իսկ խորհրդային տարիներին ավերված ռուսական եկեղեցիների մասին լռում է։ Իր որոշ հայտարարություններում նա նաև կասկածելի մտքեր է հայտնում Հայ առաքելական եկեղեցու մասին»,- հայտարարել է դիտորդական խումբը։

Ռազմագերիներ