
Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը
Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը։ Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, մայիսի 3-ին նախատեսված է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում․ հաղորդում է Reuters գործակալությունը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը Մասկատում բանակցություններ են վարել օմանցի միջնորդների միջոցով մոտ վեց ժամ՝ Հռոմում կայացած երկրորդ փուլից մեկ շաբաթ անց, որը երկու կողմերն էլ որակել են կառուցողական։
Գլխավոր բանակցողների հանդիպումից առաջ Մասկատում տեղի են ունեցել փորձագետների մակարդակի անուղղակի բանակցություններ՝ պոտենցիալ միջուկային համաձայնագրի շրջանակը մշակելու համար։