
Ո՞վ է Նոր Նորքի` սկանդալի կիզակետում հայտնված համայնքապետն ու ինչո՞վ է հայտնի
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի անվան շուրջ այսօր սկանդալ է տեղի ունեցել։ Համայնքապետարանում տեղի ունեցած միջադեպի ընթացքում նա ծեծել է ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Վերհիշենք` ո՞վ է Տեր-Մարգարյանը և ինչո՞վ է հայտնի։
Նոր Նորքի համայնքապետ է նշանակվել 2023 թվականի նոյեմբերի 1-ին` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով։
Նա համայնքային կառավարման համակարգում ներգրավվել է որպես «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ՝ վերջին տարիներին զբաղեցնելով մի շարք վարչական և քաղաքական պաշտոններ։
Տիգրան Տեր-Մարգարյանը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանում։ 1999 թվականին ավարտել է Երևանի թիվ 49 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը՝ 2008 թվականին ստանալով մարզիչ-մանկավարժի որակավորում։ 2000-2002 թվականներին ծառայել է ՀՀ ներքին զորքերում։
Մասնագիտական գործունեությունն սկսել է 2005 թվականին՝ որպես գործերի կառավարիչ «Շվեդական ապավեն բժշկական ասոցիացիա» կազմակերպությունում։ 2017 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ 2021-2023 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունում՝ որպես ավագ մասնագետ։
Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է 2004 թվականից և հանդիսանում է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
2024 թվականի մայիսին հայկական պատվիրակությունը, որի կազմում էր նաև Տեր-Մարգարյանը, մեկնել էր Ուկրաինայի Բուչա քաղաք` օգնություն տանելու պատերազմի հետևանքով տուժածներին։ Այցը լայն արձագանք էր ունեցել, այդ թվում` Մոսկվայում. Ռուսաստանի ԱԳՆ-ն իր դժգոհությունն էր հայտնել։ Սակայն Տեր-Մարգարյանը հայտարարել էր, թե անհրաժեշտության դեպքում կրկին կայցելի Բուչա։
Այս օրերին արդեն Տեր-Մարգարյանի անունը նոր սկանդալի մեջ է շրջանառվում։ Նախ ակտիվիստ Արթուր Չախոյանն էր տեղեկություն հրապարակել Նոր Նորքի թիվ 110 մանկապարտեզի շինարարական խնդիրների մասին։ Ըստ ակտիվիստի՝ Տեր-Մարգարյանը կապվել է իր հետ և սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել։ Այնուհետև Չախոյանը հայտնվել է հիվանդանոցում՝ վնասվածքներով։ Դեպքը տեղի էր ունեցել լրատվամիջոցների ներկայությամբ` ուղիղ եթերում։
Տիգրան Տեր-Մարգարյանը ներկայումս շարունակում է պաշտոնավարել որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։