02 Մայ
2025
17.2° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում մամուլն ամենաազատն է հարևան պետությունների շարքում, սակայն լրատվամիջոցները մնում են բևեռացված․ RSF

ՀՀ-ում մամուլն ամենաազատն է հարևան պետությունների շարքում, սակայն լրատվամիջոցները մնում են բևեռացված․ RSF

«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։ Ինչպես նշվել է, տնտեսական սպառնալիքները դարձել են մամուլի ազատությանը սպառնացող հիմնական վտանգներից մեկ։ Չնայած լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունը շարունակում է մնալ ամենատարածվածը մամուլի ազատության վրա ճնշում գործադրելու համար, ոչ պակաս լուրջ սպառնալիք է նաև տնտեսական ճնշում, նույնիսկ եթե այն դրսևորվում է պակաս ակնհայտ ձևով։ 2025 թվականին մամուլի ազատությունը շարունակել է անկում ապրել՝ հասնելով կրիտիկական ցածր մակարդակի։ Առաջին անգամ մամուլի ազատության հետ կապված իրավիճակը ոակվել է «դժվար» ամբողջ աշխարհում։

RSF-ի կողմից ուսումնասիրված տվյալների համաձայն՝ ներառված 180 երկրներից 160-ում լրատվամիջոցները չեն կարողանում հասնել ֆինանսական կայունության։ Աշխարհի երկրների գրեթե մեկ երրորդում լրատվամիջոցները պարբերաբար փակվում են քրոնիկ տնտեսական դժվարությունների պատճառով։

Հայաստանը ինդքսում զբաղեցրել է 34-րդ տեղը 180 երկրներից 73․96 միավորով։ Մամուլի ազատությունը ՀՀ-ում բնութագրվում է որպես «բավարար»։ 2024-ին երկիրը 43-րդն էր 71․ 6 միավորով։

Ինչպես ընդգծվել է զեկույցում, չնայած բազմակարծիք միջավայրին, լրատվամիջոցները մնում են բևեռացված։ Երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որը սնվում է ներքին քաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև երկրի բարդ դիրքորոշմամբ։

 Մեդիա լանդշաֆտ

Սոցիալական ցանցերը, որոնցից ամեն օր օգտվում է բնակչության երկու երրորդը, տեղեկատվության հիմնական աղբյուրն են։ 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ։

Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են բախվել մտահոգիչ ճնշման իրենց խմբագրական քաղաքականության պատճառով։

 Քաղաքական համատեքստ

Լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո իշխանության եկած քաղաքական առաջնորդներին, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին։ Միայն մի քանի լրատվամիջոցներ են, որ անկախ գործունեություն են իրականացնում։ Հատկապես զգայուն են երկու քաղաքական թեմաներ՝ Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունները և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավելի ու ավելի լարված հարաբերությունները։ Որոշ քաղաքական խմբավորումներ իրականացնում են ապատեղեկատվական գործողություններ և թիրախավորում լրագրողներին։

 Իրավական շրջանակ

Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության ներդրմանը, ոլորտը կարգավորող իրավական շրջանակը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։Պետական տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակվում է կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարվելը, ուշացումները և այլն):

 Տնտեսական համատեքստ

Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած
անձանց կողմից կամ աջակցվում է ազդեցիկ հասարակական գործիչների կողմից։ Քիչ թվով լրատվամիջոցներ են ընդունել վճարովի բաժանորդագրության մոդելներ, իսկ գովազդային շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը։ Միևնույն ժամանակ, պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարությանը քննադատելուց։

 Սոցիալ-մշակութային համատեքստ

Որպես մասնագիտություն՝ լրագրությունը նսեմացված է և ենթարկվում է հատկապես անհանգստացնող ատելության խոսքի։ Քաղաքական էլիտայի կողմից լրատվամիջոցների դեմ ուղղված հռետորաբանությունը, որը լրագրողներին մեղադրում է «կաշառակերության» և իրենց հովանավորներին ծառայելու մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքին։

 Անվտանգություն

Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը։ Ավելին, լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում։ Ընդհանուր առմամբ՝ լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ։
Հարևան պետություններից Ադրբեջանում և Իրանում իրավիճակը «շատ լուրջ» է։ Երկու երկրները զբաղեցնում են 167-րդ և 176-րդ տեղերը համապատասխանաբար։ Վրաստանը 114-րդն է մամուլի ազատության «բարդ» վիճակով, Թուրքիան՝ 159-րդն։ Այստեղ իրավիճակը կրկին «շատ լուրջ» է։

Ամենաազատ մամուլն աշխարհում Նորվեգիայում է։

Ռազմագերիներ