
Նեթանյահուն փորձում է թելադրել Թրամփին՝ ինչ քաղաքականություն վարել Իրանի նկատմամբ․ Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թելադրել, թե ինչ քաղաքականություն վարի Թեհրանի նկատմամբ։
«Նեթանյահուն անամոթաբար փորձում է թելադրել, թե նախագահ Թրամփն ինչ կարող է և ինչ չի կարող անել Իրանի հետ իր դիվանագիտության մեջ։ Աշխարհը վերջապես իմացավ, թե ինչպես է Նեթանյահուն ուղղակիորեն միջամտում ԱՄՆ վարչակազմին՝ նրանց ներքաշելով (Մերձավոր Արևելքի) տարածաշրջանում ևս մեկ աղետի մեջ», – գրել է նա X-ում։
Արաղչին նաև նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է՝ «հիմնված փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա»։
Ապրիլի 19-ին Reuters-ը հայտնել էր, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին ներկայացրել է Իրանի միջուկային ենթակառուցվածքներին հարվածելու մի քանի տարբերակ։ Ապրիլի 17-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Իսրայելն արդեն պատրաստվում էր մայիսին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին և համոզված էր, որ Միացյալ Նահանգներն ակտիվ մասնակցություն կունենա հարձակման նախապատրաստմանը և կապահովի հրեական պետության պաշտպանությունը Թեհրանի հնարավոր պատասխան հարվածից։ Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնորոշվել է իրանական կողմի հետ տարաձայնությունների դիվանագիտական կարգավորման ուղղությամբ և ապրիլի սկզբին Իսրայելին տեղեկացրել է, որ չի աջակցի նման ռազմական գործողությանը։