06 Մայ
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Դիվանագիտական պատերազմը» շարունակվում է․ Ադրբեջանը մեղադրում է ռուս հաքերներին տեղական ԶԼՄ-ների վրա կիբերհարձակումների համար

«Դիվանագիտական պատերազմը» շարունակվում է․ Ադրբեջանը մեղադրում է ռուս հաքերներին տեղական ԶԼՄ-ների վրա կիբերհարձակումների համար

Ադրբեջանցի պաշտոնյաների պնդմամբ՝ այս տարվա սկզբին մի քանի տեղական լրատվամիջոցների վրա կիբերհարձակման հետևում կանգնած է Ռուսաստանի կողմից հովանավորվող APT29 հաքերային խումբը։ Այս մասին գրել է The Record-ը։

Ըստ Ադրբեջանի խորհրդարանի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Ռամիդ Նամազովի՝ հավանական դրդապատճառը Բաքվում պետականորեն ֆինանսավորվող «Ռուսական տուն» մշակութային կենտրոնի փակման և «Սպուտնիկ» ռադիոյի ադրբեջանական մասնաճյուղի աշխատակազմի զգալի կրճատումների համար պատասխան գործողություններն էին։

Փետրվարին Ադրբեջանի կառավարությունը հրամայել է փակել «Ռուսական տունը»՝ վկայակոչելով դրա իրավական գրանցման բացակայությունը և ազգային օրենսդրության խախտումները։ Տեղական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ «կենտրոնը ներգրավված է եղել ռուսական հետախուզության անունից լրտեսական գործունեության մեջ»։ Ռուսաստանը մեղադրանքները որակել է որպես «անհիմն ապատեղեկատվական արշավ»։

Ադրբեջանի իշխանություններն այս տարվա սկզբին Կրեմլի կողմից հովանավորվող «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվամիջոցի աշխատակիցների թիվը 40-ից կրճատել են մինչև մեկի՝  նշելով, որ այդ քայլը նպատակ ունի «վերականգնել հավասարակշռությունը» այն պայմաններում, որոնցում գործում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները և օտարերկրյա լրագրողները երկրում։

Ադրբեջանական լրատվամիջոցների վրա կիբերհարձակումը տեղի է ունեցել փետրվարի 20-ի առավոտյան։ Սկզբում այն թիրախավորել է Բաքվի հեռուստաալիքի ներքին սերվերները: Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակման նպատակն էր տարածել ապատեղեկատվություն և կեղծ լուրեր, խաթարել լրատվամիջոցների ենթակառուցվածքները և փորձել ջնջել կամ փոփոխել տեղեկատվությունը։

Նամազովի խոսքով՝ միջադեպը «քաղաքական դրդապատճառներ ուներ» ։

APT29-ը, որը հայտնի է նաև որպես Cozy Bear, BlueBravo կամ Midnight Blizzard, ըստ տեղեկությունների, կապված է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության հետ։ Խումբը հիմնականում զբաղվում է կիբերլրտեսությամբ՝ թիրախավորելով պետական մարմինները, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները և քաղաքական, պաշտպանական, էներգետիկ և լրատվամիջոցների ոլորտների կազմակերպությունները։

Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերություններում վերջերս նկատվում է լարվածություն՝ մասամբ Բաքվի կողմից Ուկրաինային ցուցաբերած աջակցության պատճառով։ Դեկտեմբերին ադրբեջանական ավիաուղիների J2-8243 չվերթի վթարը, որի համար Ադրբեջանը մեղադրում է ՌԴ-ին, նույնպես բարդացրել է հարաբերությունները։

Ռազմագերիներ