
Թրամփը դժգոհ է Նեթանյահուից, Իսրայելը չի լինի Մերձավոր Արևելքի համաձայնագրերում․ Financial Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններից և, հետևաբար, բացառում է երկիրը Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից. գրել է Financial Times (FT) թերթը։
Ըստ հրապարակման՝ ամերիկացի առաջնորդը հիմնականում դժգոհ է Իսրայելի՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսելու ծրագրերից։ Թրամփի զայրույթն առաջին անգամ երևացել է ապրիլին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նա հրաժարվել է վերացնել իսրայելական ապրանքների վրա նախկինում սահմանված մաքսատուրքերը։ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև աճող առևտրային դեֆիցիտը Թրամփի աչքերում երկիրը դարձնում է հիմնականում շահույթ ստացող։
Թերթը նշել է, որ Նեթանյահուի համար գլխավոր հարվածն այն էր, որ ԱՄՆ-ն սկսել է անմիջականորեն բանակցություններ վարել Իրանի հետ։ Սպիտակ տունը շարունակում է բացառել Իսրայելի մասնակցությունը այն գործարքներին, որոնք պատրաստվում է կնքել։
Հաջորդը կարող է լինել Սաուդյան Արաբիայի հետ խաղաղ միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը։ Սկզբնական առաջարկը ներառում էր Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորում՝ Վաշինգտոնի և Ռիադի միջև անվտանգության պայմանագրի դիմաց, որը Նեթանյահուին հնարավորություն կտար հաշտվել բոլոր հարևան երկրների հետ։
FT-ն գրել է, որ ԱՄՆ-Իսրայել դաշինքը կարող է գոյատևել այս տարաձայնությունների պայմաններում, սակայն Թրամփը Նեթանյահուին հասկացնում է, որ նա պետք է հավատարիմ մնա ԱՄՆ օրակարգին։ Այն չի ենթադրում անվերջ պատերազմներ՝ անիրագործելի նպատակներով, այլ կենտրոնանում է արտաքին քաղաքականության հաղթանակների և Մերձավոր Արևելքում տնտեսությանը ներդրումային հնարավորություններ տրամադրելու վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ից 16-ը Մերձավոր Արևելքի իր շրջագայության շրջանակներում կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ: Ապրիլի վերջին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելու համար Հռոմ կատարած կարճատև այցից բացի, սա ԱՄՆ նախագահի առաջին լիարժեք արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց ի վեր: CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն, մասնավորապես, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը: