
Կարո՞ղ են Եվրոպան և Թուրքիան համագործակցել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության կառուցման հարցում․ The National Interest
Թրամփի վարչակազմի առաջին 100 օրերի ընթացքում առաջացած քաոսի ֆոնին Եվրոպան կանգնած է մի շարք անհարմար ընտրությունների առաջ։ Առաջին հերթին` այն պետք է ստեղծի եվրոպական անվտանգության ճարտարապետություն այն դեպքում, եթե Ամերիկան դուրս գա ՆԱՏՕ-ից կամ զգալիորեն նվազեցնի իր ներկայությունը ՆԱՏՕ-ում․ գրել է The National Interest-ը։
Ինչպես նշվել է, Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում հստակեցրել է դա, երբ մասնակիցներին հայտարարել է, որ առաջիկա տարիներին Եվրոպան պետք է մեծ ջանքեր գործադրի սեփական պաշտպանությունն ապահովելու համար։
Մարտի սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությամբ, Լոնդոնում հրավիրել էր 18 առաջնորդների հանդիպում, այդ թվում՝ Կանադայի՝ արդեն նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Մարկ Ռյուտեի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։ Նպատակն էր ստեղծել «կամավորների կոալիցիա»՝ Ուկրաինայում արդար խաղաղություն ապահովելու համար։
«Կոալիցիայի» անդամները համաձայնել են, որ Ուկրաինայի համար խաղաղապահ ուժեր ստեղծելը լավ գաղափար է, սակայն զորքեր տրամադրելու հարցում որոշակի դժկամություն կա։ Այնուամենայնիվ, ծնվեց եվրոպական անվտանգության կառույց ստեղծելու գաղափարը․ մնում է դա իրականցնել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նույնպես հրավիրվել էր Լոնդոնի համաժողովին։ Միևնույն ժամանակ՝ The Financial Times- ին տված հարցազրույցում Ֆիդանը հայտարարել է, որ նախագահ Թրամփի գործողությունները «մեզ համար արթնացման կոչ էին միավորվելու և մեր սեփական ծանրության կենտրոնը նախագծելու»։ Նա հավելել է, որ Թուրքիան կցանկանա լինել ցանկացած նոր եվրոպական անվտանգության ճարտարապետության մաս, եթե ՆԱՏՕ-ն փլուզվի։
Սակայն հարց է առաջանում, թե արդյոք Թուրքիայի կողմից լիարժեք ավտոկրատիա դառնալու ձգտումը, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան և Ռուսաստանի նկատմամբ երկիմաստ վերաբերմունքը (Ռուսաստանը Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերներից մեկն է), խոչընդոտ չեն լինի։ Ի վերջո, Եվրոպան պնդում է, որ արժեքների վրա հիմնված համայնք է։
Կա նաև ներքին անհամաձայնության հարցը։ Մինչ Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Լեհաստանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այժմ նաև Գերմանիայի հետ, վճռականորեն դեմ են Ռուսաստանին, միասնությունը խաթարում է, օրինակ, Եվրախորհրդարանում «Եվրոպայի հայրենասերներ» ծայրահեղ աջակողմյան խումբը, որը գլխավորում է Հունգարիայի ղեկավար Վիկտոր Օրբանը։
Մայիսի 10-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդների՝ Կիև այցը ՝ երեսնօրյա անվերապահ հրադադարի կոչը վերահաստատելու համար, եվրոպական համերաշխության դրսևորում էր՝ ի պատասխան Մոսկվայում մայիսի 9-ին կայացած Հաղթանակի օրվա շքերթի։
Այժմ Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին Ստամբուլում դեմ առ դեմ հանդիպելու մարտահրավեր է նետել, «որպեսզի մենք բոլորս տեսնենք, թե կատուն որ կողմ է ցատկելու»։