
Ո՞վ է Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը
Դիանա Գասպարյանը ծնվել է 1988 թվականին Էջմիածնում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում։ Մասնագիտությամբ իրավաբան է։
2018-ի թավշյա հեղափոխությունից հետո նշանակվել է Էջմիածնի քաղաքապետ՝ դառնալով Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին կին քաղաքապետը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Քաղաքապետ ընտրվելու պահից Գասպարյանը Էջմիածնում հանդես եկավ որպես հակակոռուպցիոն պայքարի խորհրդանիշ՝ մասնավորապես նախկին գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա շրջապատի ազդեցության դեմ։ Նա նախաձեռնել է Գրիգորյանին զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից, պահանջել՝ փակել քաղաքապետարանի հարակից տարածքում գործող սրճարաններից մեկը, որն ըստ նրա՝ պատկանում էր Գրիգորյանի ընտանիքին։ Այս քայլերը դարձան հանրային քննարկման և դատական գործընթացների պատճառ։
Սակայն տարիների ընթացքում հենց Դիանա Գասպարյանը հայտնվեց սկանդալների առանցքում։
2018-ին համացանցում տարածվեց ձայնագրություն, որտեղ Գասպարյանի հայրը սպառնում էր մարտի 1-ի գործի համար ազատազրկված Գևորգ Մանուկյանին՝ վերջինիս գրառումների պատճառով։ Սա լուրջ հանրային քննադատությունների պատճառ դարձավ։
Դիանա Գասպարյանը հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ 2020-ին հրապարակվեց նրա հեռախոսազրույցը նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որի ընթացքում Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից` հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա․
«Թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»,- ասված էր ձայնագրության մեջ։ Իսկ Պապիկյանը հորդորում է պահպանել հանգստություն։ Ինչևէ, Դիանա Գասպարյանը պնդում էր, որ ձայնագրությունը մոնտաժված է ու կոնտեքստից՝ կտրված։
2023-ին հայտնի դարձավ, որ Գասպարյանի սկեսուրը՝ Ռուզաննա Ասատրյանը, անթույլատրելի կերպով ներգրավված է եղել առանձնատների կառուցման գործում։ Նա գնել է համայնքից հողատարածք՝ միջնորդավորված անձանց միջոցով, ապա հիմնել «Նարե Պլյուս» ՍՊԸ-ն՝ կառուցապատման նպատակով։ Արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցել, իսկ Դիանա Գասպարյանը հարցաքննվել է։
2025 թվականի սկզբին բացահայտվեց, որ Էջմիածնի համայնքապետարանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Գասպարյանի սկեսրայր Աշոտ Միրզոյանի հետ՝ գազի մատակարարման նպատակով։ Չնայած պայմանագիրը կնքվել է բաց մրցույթով, «Հանրային ծառայության մասին» օրենքով նման վիճակներում պարտադիր է շահերի բախման մասին հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը չէր արվել։ Վարչական վարույթ սկսվեց, իսկ Գասպարյանը դատարանում վիճարկեց որոշումը։
Հիշեցնենք՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել է, որ առաջիկայում վայր է դնելու մանդատը և այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։