
Առաջընթացի սպասումները թուլացել են․ ի՞նչ է հայտնի ուկրաինական հարցի շուրջ Ստամբուլում ընթացող բանակցությունների մասին
Ռուս և ուկրաինացի բանակցողները այսօր կհանդիպեն Ստամբուլում՝ ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին խաղաղ բանակցությունների համար՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամահաբեր հակամարտությանը վերջ դնելու համար. գրել է Reuters-ը։
Բոսֆորի ափին գտնվող Դոլմաբահչե պալատում տեղի ունեցած հանդիպումը պատերազմող կողմերի միջև դիվանագիտական առաջընթացի նշան է, որոնք դեմ առ դեմ չէին հանդիպել 2022 թվականի մարտից ի վեր։
Սակայն լուրջ առաջընթացի սպասումները էլ ավելի թուլացան, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ առանց իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման առաջընթաց չի լինի։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության աղբյուրները հայտնել են, որ թուրք, ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների հանդիպումը մեկնարկել է, որին կհաջորդեն թուրքական, ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները։
Կիրակի Պուտինը առաջարկել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ անցկացնել Թուրքիայում, սակայն մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկն՝ անձամբ հանդիպելու նրա հետ, և փոխարենը բանակցություններին ուղարկել է միջին մակարդակի պաշտոնյաների մի խումբ։
Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի որոշումը՝ չմասնակցել, այլ ուղարկել այն, ինչ նա անվանել է «դեկորատիվ» կազմ, ցույց է տալիս, որ Ռուսաստանի առաջնորդը լուրջ չէ պատերազմը դադարեցնելու հարցում: Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային բանակցությունների շուրջ «շոու» կազմակերպելու փորձի մեջ։
Ռուսաստանը պնդում է, որ դրանք դիտարկում է որպես 2022 թվականի պատերազմի առաջին շաբաթներին, նույնպես Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների շարունակություն։
Քանի որ ռուսական ուժերն այժմ վերահսկում են Ուկրաինայի գրեթե մեկ հինգերորդ մասը, Պուտինը հավատարիմ է մնացել Կիևի նկատմամբ իր վաղեմի պահանջներին՝ զիջել տարածքներ, հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր նկրտումներից և դառնալ չեզոք երկիր։
Ուկրաինան մերժում է այս պայմանները՝ դրանք համարելով կապիտուլյացիայի համարժեք և ապագա անվտանգության երաշխիքներ է փնտրում համաշխարհային տերություններից, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից։
ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Էնթոնը բանակցություններում կներկայացնի ԱՄՆ-ն, ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որի կազմում են պաշտպանության փոխնախարարը, արտաքին գործերի փոխնախարարը և ռազմական հետախուզության ղեկավարը։
Զելենսկին հայտարարել է, որ իր թիմը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, իսկ նրա կազմում կլինեն Ուկրաինայի հետախուզական ծառայությունների ղեկավարի տեղակալները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը և արտաքին գործերի փոխնախարարը։
Ավելի ուշ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության աղբյուրը РИА Новости-ին հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և արտգործնախարար Անդրեյ Սիբիհան միացել են Ստամբուլում Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ընթացող բանակցություններին։
«ԱՄՆ պատվիրակությունը ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը», – հայտնել է աղբյուրը։