
Բոլորը շահագրգռված են, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ստորագրեն խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ․ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Այս մասին Տիրանայում լրագրողներին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
Նա հայտարարել է, որ մոտ ապագայում կայցելի Հայաստան․ «Ես շփվում եմ երկու կողմերի հետ էլ։ Մոտ ապագայում կայցելեմ Հայաստան և բանակցություններ կվարեմ»։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասն, իր հերթին, նշել է, որ Եվրամիությունը ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։
«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության։ Կարծում եմ՝ բոլորը շահագրգռված են, որ նրանք ստորագրեն խաղաղության այս համաձայնագիրը», – նշել է Կալլասը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ի իր էջում ևս գրառում է կատարել՝ նշելով․ «Եվրոպական Միության Խորհրդի նախագահը և ես շնորհավորում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ։ Սա կարևոր առաջընթաց է։ Մենք անհամբեր սպասում ենք համաձայնագրի ստորագրմանը հնարավորինս շուտ։ Եվրոպական Միությունը պատրաստ է նպաստել տարածաշրջանային կապերին և տարածաշրջանը մեր կազմակերպությանը մոտեցնելուն»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների, խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ։