
Հռոմի պապը ցանկանում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Վատիկանում
Հռոմի Լեո XIV պապը նախատեսում է Վատիկանն առաջարկել որպես Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների վայր․ Politico-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը․
Վատիկանը «ողբերգական» է անվանել այն փաստը, որ «ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինը անտեսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թուրքիայում հանդիպումը»։
«Այդ ամենը ողբերգական է, քանի որ հույս ունեինք՝ դա, գուցե, դանդաղ, բայց հակամարտության խաղաղ լուծմամբ գործընթաց կլինի, մինչդեռ փոխարենը մենք կրկին հայտնվեցինք սկզբում։ Հիմա կտեսնենք, թե ինչ անել, բայց իրավիճակը դժվար է»,-ասել է Պարոլինը։
Ըստ Վատիկանի պետքարտուղարի՝ նորընտիր Հռոմի պապը քննարկում է Վատիկանն իբրև Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցություններ վարելու ասպարեզ տրամադրելու հնարավորությունը։
«Հռոմի պապը նախատեսում է Վատիկանը՝ Սուրբ Աթոռը, հասանելի դարձնել երկու կողմերի միջև ուղիղ հանդիպման համար»,- նշել է Սուրբ Աթոռի գլխավոր դիվանագետը։